Jump to content

ՀՍՀ/ՀԱԼՈՒՐԳԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱԼՈՒՐԳԻԱ (հուն, – աղ և – գործ, աշխատանք), աղագործություն, քիմիական տեխնոլոգիայի բաժին, որն զբաղվում է հանքային աղերի արտադրությամբ: Նեղ իմաստով Հ. բնական աղերի վերամշակումն է: Հալուրգիական արտադրության համար հումք են ծովաջուրը և չոր կլիմայում նրա խտացումից առաջացած աղային նստվածքները, ինչպես նաև լճերի ընդերքի աղաջրերը: Առանձին աղեր անջատում են բյուրեղացմամբ և լուծույթի գոլորշացմամբ, ինչպես բնական (հատուկ հարմարեցված ավազաններում), այնպես էլ գործարանային պայմաններում: Հալուրգիական պրոցեսների տեսական հիմքը կազմում են աղերի լուծելիության դիագրամները, հատկապես` Յա. Վանտ–Հոֆի (Գերմանիայում, 1897–1908) և Ն. Ս. Կուռնակովի –(ՍՍՀՄ–ում, սկսած 1917–ից) հետազոտած նատրիումի, կալիումի, մագնեզիումի սուլֆատներ և քլորիդներ պարունակող ջրային համակարգերի դիագրամները: Հ–ին բնորոշ է հումքի կոմպլեքսային օգտագործումը: Այսպես, ծովային աղաջրերից ստանում են կերակրի աղ, նատրիումի սուլֆատ, մագնեզիումի սուլֆատ, քլորիդ և օքսիդ, նաև բրոմ, իսկ լճերի աղաջրերից` սոդա, բորաքս, լիթիումի աղեր: Նավթահանքային ջրերից ստանում են Br 2, I 2: Կալիումի բնական աղերի վերամշակմամբ կալիումի քլորիդի և սուլֆատի հետ միաժամանակ ստանում են մագնեզիումի քլորիդ և սուլֆատ, բրոմ, ինչպես նաև ռուբիդիումի ն ցեզիումի աղեր: