ՀՍՀ/ՀԱԽԻՆՅԱՆ
ՀԱԽԻՆՅԱՆ Գրիգոր Մուշեղի (ծն. 20.4.1926, Երևան), հայ սովետական կոմպոզիտոր: ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1972)Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1957, Գ. Եղիազարյանի կոմպոզիցիայի դասարան): Հ–ի ստեղծագործությունը բազմաժանր է: Գրել է օպերաներ («Լեգենդի մարդը», 1970, «Ծովինար», 1973), բալետներ («Ախթամար», 1961, «Լոոեցի Սաքոն», 1961, «Ուռենի», 1963), երաժշտական կոմեդիա («Գլխի գինն է 50 միլիոն», 1967), խորեոգրաֆիկ պատկեր («Սրերից խոփեր ձուլենք», 1970), 2 սիմֆոնիա (1968–69, 1975), ջութակի (1957) և տրոմբոնի (1977) կոնցերտներ, կանտատներ («Սայաթ Նովա», 1963, «Գինու երգը», 1976), օրատորիա («Թոնդրակեցիներ», 1965–66), «Հայաստան» ֆանտազիա էստրադային նվագախմբի (1957), «Պարային սյուիտ» ժող. գործիքների նվագախմբի (1957) համար, կամերա–գործիքային երկեր, խմբերգեր, ռոմանսներ, երգեր, կինոնկարների և դրամատիկական ներկայացումների երաժշտություն ևն, մշակել ժող. և գուսանական երգեր: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
Գրկ. Արազյան Թ., Գրիգոր Հախինյան, Ե., 1974: Թ. Արազյան
