Jump to content

ՀՍՀ/ՀԱԽՃԱՊԱԿԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱԽՃԱՊԱԿԻ թափանցիկ ջնարակով պատած, հոծ, մանրածակոտկեն թրծազանգվածով (սովորաբար սպիտակ) նուրբ խեցեգործական կերտվածքներ: Կիրառվում են շինարարական և սանիտարատեխնիկական նպատակներով (երեսպատման սալիկներ, ճարտարապետական դետալներ, լվացարաններ, զուգարանակոնքեր): Հախճապակյա զանգվածից պատրաստում են գեղարվեստա–դեկորատիվ իրեր, ճաշի և թեյի ամանեղեն: Հախճապակու արտադրությունը. Հ. ստանալիս օգտագործում են նույն հումքը, ինչ որ ճենապակու համար. փոփոխվում է միայն բաղադրամասերի հարաբերությունը և իրերի թրծման տեխնոլոգիան: Հ. ճենապակուց տարբերվում է առավել ծակոտկենությամբ և ջրակլանմամբ (մինչև 9–12), ուստի և հախճապակյա բոլոր իրերը պատվում են անջրաթափանց ջնարակով: Հումքի բաղադրամասերն են պլաստիկ (ճկուն) նյութերը` ճերմակ–հրկիզվող, հրադիմացկուն կավեր և ճենակավեր (կաոլին), ոչ պլաստիկ նյութեր` քվարց, դաշտային սպաթ, հրակավ (շամոտ): Կարծր Հ–ու (սանիտարական երեսպատման սալիկ) զանգվածի մեջ ներառնվում է համեմատաբար ավելի մեծ քանակությամբ դաշտային սպաթ: Փափուկ կամ կրային Հ. (վառարանային հախճասալիկ) պատրաստելիս զանգվածի մեջ ներառնվում է ավելի մեծ քանակությամբ կավիճ: Չորացման և թրծման ժամանակ հախճապակյա զանգվածի մեջ ներառնում են քվարց, ավազ և հրակավ, որոնց առկայությունն իջեցնում է իրերի կծկման տոկոսը: Հախճապակյա իրերի թրծումը կատարվում է երկու անգամ և միայն առանձին դեպքերում (սանիտարական իրեր)` մեկ անգամ: Առաջին թրծումը կատարվում է 1200–1280 С ջերմաստիճանում և անհրաժեշտ է ամրապինդ թրծազանգված ստանալու համար: Երկրորդ` այսպես կոչված ջնարակե թրծման Ժամանակ 1050–1150 С ջերմաստիճանում հալվում է առաջին թրծումից հետո թրծազանգվածի մակերեսի վրա շերտածածկված ջնարակը: Ջնարակի բաղադրությունից կախված է երկրորդ թրծման ջերմաստիճանը: Թրծումը արվում է թունելային վառարաններում: Հախճապակյա իրերի ջնարակման համար հիմնականում օգտագործվում են բորային, բորա–կապարային, ինչպես նաև դաշտա–սպաթային ջնարակներ: Վերջիններս որպես կանոն թափանցիկ են ու դյուրահալ և հնարավորություն են տալիս իրերը գարդարել խեցեգործական ներկերով: Նկարազարդումը կատարվում է ջնարակված շերտի մակերեսին և թրծագանգվածի ու ջնարակի միջև: Հախճապակյա իրերը զարդարվում են նաև գունավոր ջնարակներով:

Գ. Սրվանձտյան

Գեղարվեստական հախճապակի: Հ–ուն մոտ գեղարվեստական իրերը հայտնի էին դեռևս Հին Եգիպտոսում: Հ–ու տարբեր տեսակներ են արտադրվել IV–V դդ. Չինաստանում (VII – Х III դդ.` մոխրաերկնագույն և մոխրականաչավուն ջնարակներով), ավելի ուշ` Կորեայում (XI–XIII դդ.), ճապոնիայում (XVI դ., աչքի է ընկել Սացումայի Հ.): XII դ. իսլամական երկրներում տարածում է գտել մանրածակոտկեն հախճապակետիպ զանգվածը (քաշին), որը, ըստ երևույթին, հայտնագործվել է XI –XII դդ. Իրանում: Լայն տարածում են գտել դեղին ճենակավի վրա գունավոր արծնով զարդապատված (մինաի, XII –XIII դդ.) կամ շողյունով պատված (XI դ. վերջ –XIV դ. սկիզբ, կենտրոնները` Ռեյ, Քեշան, Գորգան), ինչպես և XI–XIV դդ. բազմագույն կոբալտով և շողյունով զարդապատված սեֆյան (XVI–XVII դդ., կենտրոնները` Սպահան, Քերման ևն) կերտվածքները: Հայաստանում հախճապակու արտադրության կենտրոններ են եղել Դվինը, Անին: Այստեղ արտադրվել են փուխր հախճապակյա իրեր (IX–XI դդ.), որոնք ունեն նուրբ թրծազանգված, զարդարված են փորագրությունով, ծածկված են գունավոր ջնարակներով, զարդանախշված են շողյունով: Հայկ. հախճապակյա կերտվածքներն ունեն տեխ. բարձր որակ և կատարված են գեղարվեստական մեծ վարպետությամբ: Հայ վարպետները բարձրարվեստ հախճապակյա իրեր, նկարազարդ հախճասալեր են պատրաստել Նիկիայում (Իզնիկ), Կուտինայում և այլուր: Եվրոպայում հախճապակին իր մաքուր տեսքով առաջին անգամ արտադրվել է Ֆրանսիայի Սեն–Պորշեր քաղաքում (մոտ 1525–65): Դրանք թափանցիկ ջնարակով պատած, փղոսկրի գույնի փոքր աղամաններ, տափաշշեր են: Հախճապակուն են մոտենում Բ. Պալիսսի (XVI դ.) կերտվածքները Ֆրանսիայում: Նրա ստեղծագործությունները հարթ կամ ուռուցիկ զարդանկարով են և անեն հոծ, նուրբ հախճապակու բոլոր հատկությունները: XVI դարից հայտնի է Հոլանդիայի Դելֆտ քաղաքի հախճապակին: Արտադրությունը եղել է բազմազան` ճաշի սպասքներ, սկուտեղներ, գավաթներ ևն: XVII դ. վերջին, XVIII դ. սկզբներին անգլիացի խեցեգործները հախճապակու արտադրության մեջ ներդրել են տեխնոլոգիական մի շարք կատարելագործումներ: 1720–ին խեցեգործ Ջ. Ասթբերին թրծազանգվածի մեջ խառնելով թրծած, աղացած կայծքար` ստացել է «կաթնասերի գույնի» Հ.: Հ–ու այս տեսակը կատարելագործել են XVIII դ. այլ խեցեգործներ, հատկապես Զ. Ուեջվուդը: Այդ շրջանում որոշակի են դարձել հախճապակյա իրերի համար բնորոշ ձևերը, նկարազարդման միջոցները, ջնարակները: Հ. լայն տարածում է գտել ողջ Եվրոպայում (XVIII դ. սկիզբ–XIX դ. վերջ): Նրա բարձրագույն արտահայտությունը ստացել է «անթափանց Հ.» անվանումը: Ռուսաստանում հախճապակու առաջին գործարանը ստեղծվել է 1799–ին, Կիևի մոտակայքում` Մեժիգորսկում: 1809–ին ստեղծվել է U. Աուերբախի գործարանը: Հախճապակյա իրեր էին արտադրում Ֆ. Գարդների, Տերեխով եղբայրների, Մ. Ս. Կուզնեցովի, Ա. Կիսելևի (Ռիգա) ճենապակու գործարանները: Ռուս. մանուֆակտուրաները արտադրում էին բազմապիսի նկարազարդ և տպագրական զարդերով սպիտակ, մոխրագույն, գունավոր ջնարակներով պատած` կաթնասերի գույնի հախճապակի: XIX դ. վերջին, XX դ. սկզբներին ոուս. Հ–ու մեծ տոկոսն արտադրվում էր Մ. Ս. Կուզնեցովի գործարանում (այժմ` Մ. Ի. Կալինինի անվ. Կոնակովոյի գործարան): Այդ արտադրանքը բարձր էր իր տեխ. որակով, սակայն ուներ էկլեկտիկ գեղարվեստական ձևավորում: Այժմ գործարանը Սովետական Միությունում հախճապակու արտադրանքի հիմնական կենտրոնն է, որն արտադրում է բարձրարվեստ ամանեղեն, մանր պլաստիկա ևն: Երևանում 1948–ին հիմնադրվել է հախճապակու գործարան, որը թողարկում է տնտ. ամանեղեն, դեկորատիվ իրեր, հուշանվերներ, որոնք մեծ պահանջարկ ունեն ՍՍՀՄ–ում և արտասահմանում: Տես նաև Խեցեգործություն:

Հ. Հարությունյան

Գրկ. Առնակ (Համբարձում Պ. Զորթյան), Հախճապակի, տես Թեոդիկ, Ամենուն տարեցույցը, գիրք 17, ԿՊ, 1923, էջ 198– 228: Առաքելյան Բ., Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դդ., հ. 1, Ե., 1958, էջ 240–253: Кубе А. Н., История Фаянса, Берлин –П.–М., 1923 Технология фарфорового и фаянсового производства, М. 1975.