Jump to content

ՀՍՀ/ՀԱԽՈՒՄՅԱՆ ՍԻՄԵՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱԽՈՒՄՅԱՆ Սիմեոն Գասպարի (4.2.1859, Շուշի 14.2.1905, Փարիզ), հայ հրապարակախոս, գրող, թարգմանիչ: Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը, 1875–78–ին սովորել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1900–01–ին հաճախել է Փարիզի Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, միաժամանակ Կոլեժ դը Ֆրանսում ունկնդրել սոցիոլոգիայի դասախոսություններ: 1879–84–ին եղել է ուսուցիչ Կարսում, Շուշիում, Թավրիզում: 1882–84–ին Շուշիում, ապա Թիֆլիսում հրատարակել է «Գործ», իսկ 1901–02–ին Փարիզում` «ժամանակ» հանդեսները: 1895–96–ին ղեկավարել է Թիֆլիսի հայկ. թատերական խումբը, իսկ 1897–98–ին եղել է Բաքվի հայկ. մշտական թատրոնի ռեժիսորը: Աշխատակցել է ժամանակի պարբերական մամուլին: Ստորագրել է Ահրիման, Մար–Ամադ, Ծերուկ, Это, Гражданин և այլ ծածկանուններով: Մամուլում հանդես է եկել ինքնուրույն և թարգմանական բանաստեղծություններով, արձակ գործերով: Առանձին գրքերով հրատարակվել են Հ–ի «Մանիկ» վիպակը (1889), Էդգրեն Լեֆլերից, Իբսենից, Օ. Շմիդտից կատարած թարգմանությունները:

Գրկ. Մխիթարյան Մ., XIX դարի երկրորդ կեսի արևելահայ պարբերական մամուլի պատմությունից, Ե., 1976: Հ. Դավթյան