Jump to content

ՀՍՀ/ՀԱԿԱԲԱՆՎՈՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱԿԱԲԱՆՎՈՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ, լայն իմաստով` կապիտալիստական պետության օրենսդրական և իրավական այլ միջոցառումների կոմպլեքս, որով իրավաբանորեն ձևակերպվում է մոնոպոլիստական կապիտալիզմի պայքարն ընդդեմ բանվոր դասակարգի, նեղ իմաստով` աշխատավորության տնտեսական դրության վատթարացմանն ու նրանց դասակարգային պայքարի հնարավորությունների սահմանափակմանն ուղղված իրավանորմերի ամբողջություն: Հ. օ–յան առաջացումը պայմանավորված է դասակարգային պայքարի ուժեղացմամբ: Այն բանվոր դասակարգի դեմ մոնոպոլիաների պայքարի հիմնական միջոցներից է, աշխատանքի կապիտալիստական կազմակերպման բնորոշ գիծը, բուրժ. աշխատանքային իրավունքի և կապիտալիստական պետության սոցիալական քաղաքականության հիմնական միտումներից մեկը: Հ. օ–ներ են ընդունվել Ֆրանսիայում (Լե Շապելյեի օրենքը` 1791–ին, հակագործադուլային օրենքը` 1947–ին են), ԱՄՆ–ում (հակատրեստային օրենսդրությունները` 1890–ին և 1912–ին, Մաքարեն–Վուդի, Մաքարեն–Ուոլտերի և Բրաունելի–Բատլերի օրենքները` 1950–ին, 1952–ին, 1954–ին ևն), Անգլիայում, Իտալիայում և կապիտալիստական այլ երկրներում: Դրանց դրսևորման ձևերը տարբեր են, որոշվում են այս կամ այն երկրի քաղ. ռեժիմով: Հ. օ–յան ուժեղացումը կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի արդի փուլի բնորոշ գիծն է, դրանց արգելումը` աշխատավորության դասակարգային պայքարի կարևորագույն խնդիրներից մեկը: