ՀՍՀ/ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄՏԱՎՈՐ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԵՎ
ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄՏԱՎՈՐ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԵՎ, հակադրություն մտավոր և ֆիզիկական աշխատանք կատարողների շահերի միջև: Ծագել է աշխատանքի հասարակական բաժանման զարգացման, մասնավոր սեփականության և հակամարտ դասակարգերի առաջացման հետ: Բնորոշ է հասարակական տնտ. հակամարտ ֆորմացիաներին, ուր շահագործվող մասսաները դատապարտված են ֆիզիկական ծանր աշխատանքի և կուլտուր–կենցաղային հետամնացության, իսկ մտավոր աշխատանքով (գիտություն, արվեստ, քաղ. գործունեություն ևն) զբաղվելը շահագործող դասակարգերի և նրանց ծառայող մտավորականության արտոնությունն է: Հակադրությունը խորանում է հատկապես կապիտալիզմի օրոք: Հիմնականում իշխող դասակարգերի միջավայրից առանձնանում է մտավորականությունը, որը զբաղվում է միայն մտավոր աշխատանքով, իսկ բանվորը վերածվում է մեքենայի կցորդի, նրա աշխատանքը` ֆիզիկապես հյուծող, բանականությունը բթացնող փոքրաթիվ, պարզ գործողությունների կատարման: Սոցիալիզմը վերացնում է այդ հակադրությունը, և նոր հարաբերություններ են ստեղծվում բանվոր դասակարգի, գյուղացիության ու մտավորականության միջև: Սակայն կոմունիզմի առաջին փուլում մտավոր և ֆիզիկական աշխատանքի միջև պահպանվում են սոցիալ–տնտ. ոչ հակամարտ էական տարբերություններ (աշխատանքի բնույթի, կրթական, գիտական, կուլտուր–տեխ. մակարդակների, աշխատավարձի ևն), որոնք կվերանան կոմունիզմի բարձրագույն փուլում:
