ՀՍՀ/ՀԱԿԱԺԱՆՏԱԽՏԱՅԻՆ ԿԱՅԱՆ
ՀԱԿԱԺԱՆՏԱԽՏԱՅԻՆ ԿԱՅԱՆ, ՍՍՀՄ առողջապահության մինիստրության Կարանտինային հիվանդությունների գլխավոր վարչության ենթակայության մասնագիտացված գիտա–գործնական հիմնարկություն (Երևանում): Կազմակերպվել է 1941–ին` հանրապետական դեզկայանի բազայի վրա, մինչև 1942–ը կոչվել է տուլարեմիայի կայան: Հիմնական նպատակը, սանիտարա–կանխարգելիչ և հակահամաճարակային կոմպլեքս միջոցառումների կիրառումն է` ժանտախտի, խոլերայի և այլ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների ներբերումը, բռնկումներն ու տարածումը կանխելու և վերացնելու համար: Հ. կ. ունի բակտերիալոգիական և զոո–պարազիտոլոգիական բաժիններ, որոնք ուսումնասիրում են նշված հիվանդությունների հարուցիչների կրողների (կրծողներ) և փոխանցողների (լվեր, տզեր) ֆաունայի, էկոլոգիայի հարցերը, բնական օջախայնության օրինաչափություններն ու առանձնահատկությունները: Հ. կ. իր ենթակայության տակ գտնվող երեք բաժանմունքների (Լենինականի, Ղափանի, Մարտունու) հետ ներկայումս զբաղվում է նաև կրծողների մեջ բռնկող ժանտախտի համաճարակների դեմ պայքարի մեթոդների մշակման հարցերով:
