Jump to content

ՀՍՀ/ՀԱԿԱԾԻՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱԿԱԾԻՆՆԵՐ, անտիգեններ, օրգանական ծագում ունեցող բարձրամոլեկուլային նյութեր, որոնք մարդու և կենդանիների օրգանիզմ ներարկելիս կարող են առաջացնել յուրահատուկ նյութեր` հակամարմիններ: Հ. կարող են լինել սպիտակուցները, բազմաշաքարները, ինչպես նաև արհեստականորեն սինթեզված բարձրամոլեկուլային նյութերը: Հ. ընդունված է բաժանել 2 խմբի, լիարժեք և ոչ լիարժեք: Լիարժեք Հ. ընդունակ են ինքնուրույն գոյացնել հակամարմիններ, իսկ ոչ լիարժեք Հ. հապտենները, ակտիվ փոխազդեցության մեջ են մտնում առաջացած հակամարմինների հետ, սակայն չեն գոյացնում նման հակամարմիններ: Հապտենները միացություններ են, որոնք Հ–ին որոշակի առանձնահատկություն են տալիս և կարող են փոխարկվել լիարժեք Հ–ի, եթե նրանց վրա սպիտակուց ավելացվի: Որոշ դեղանյութեր (անտիպիրին, քինին, յոդ ևն) օրգանիզմում կարող են միանալ սպիտակուցի հետ և ձեռք բերել հակածինային հատկություն: Ախտաբանության մեջ էական նշանակություն ունեն ախտաբանական Հ., որոնց առկայությունն ապացուցված է քաղցկեղի, այրվածքների, ճառագայթային հիվանդության ևն ժամանակ: Հ. լայնորեն կիրառվում են վարակիչ հիվանդությունների ախտորոշման համար: Այդ նպատակով կիրառվող Հ. կոչվում են ախտորոշիչ գործոններ: