ՀՍՀ/ՀԱԿԱԿՈՄՈՒՆԻԶՄ
ՀԱԿԱԿՈՄՈՒՆԻԶՄ, իմպերիալիզմի գաղափարական–քաղաքական գլխավոր զենքը, «…որի հիմնական բովանդակությունն է սոցիալիստական կարգերը զրպարտելը, կոմունիստական կուսակցությունների քաղաքականությունն ու նպատակները, մարքսիզմ–լենինիզմի ուսմունքը կեղծելը» (ՍՄԿԿ ծրագիր, 1974, էջ 79): Լինելով իմպերալիզմի խոր ճգնաժամի արդյունք, Հ. ուղղված է արդիականության երեք հեղափոխական ուժերի` սոցիալիստական համագործակցության, միջազգային կոմունիստական ու բանվորական, ազգային–ազատագրական շարժումների դեմ: Հ. ներթափանցում է իմպերիալիստական պետությունների ներքին և արտաքին քաղաքականության մեջ` ազդելով վերջինիս նպատակների ձևավորման և դրանց իրականացման մեթոդների վրա: Որպես գաղափարախոսություն, Հ. խեղաթյուրում է արդիականության տնտ., քաղ., սոցիալական պրոբլեմները` սոցիալական դեմագոգիայի միջոցով դրանք հրամցնելով ժողովրդական զանգվածներին: Ձգտելով վերջիններիս ուշադրությունը շեղել իմպերիալիզմի հակասություններից` Հ.–ի գաղափարախոսները (Զ. Բժեզինսկի, Հ. Կան, Դ. Բել և ուրիշներ), ի տարբերություն գռեհիկ Հ–ի ներկայացուցիչների, որոնք բացահայտ ու անվերապահորեն ժխտում են մարքսիզմը, փորձում են արդիականության կարևորագույն հասարակական–պատմական, փիլ., սոցիոլոգիական պրոբլեմները նենգափոխել երկրորդական կամ կեղծ ու մտացածին հարցերով: Նրանք մարքսիզմը համարում են «հնացած», հասարակական զարգացման արդի օրինաչափություններին «չհամապատասխանող» տեսություն: Այդ նպատակին են ծառայում բուրժ. սոցիոլոգիայի նորագույն ուղղությունները` ֆուտուրոլոգիան, «Մարքսոլոգիան» ևն: Հ. արտահայտվում է նաև բուրժ. հասարակության որոշակի մասի առօրեական գիտակցության ձևով` որպես կոմունիստական գաղափարների, նպատակների ու արժեքների, սոցիալիստական ապրելակերպի վերաբերյալ զանազան նախապաշարմունքներ: Հ., լինելով իմպերիալիզմի գաղափարական զենքը, ինֆորմացիայի զանազան միջոցներով փորձում է հակակոմունիստական նախապաշարմունքներ սերմանել հասարակական և անհատական գիտակցության մեջ: Հ–ի մեջ հատուկ տեղ է հատկացվում հակասովետիզմին, որը միավորում է առավել հետադիմական, ռազմատենչ ուժերին` ընդդեմ ՍՍՀՄ–ի ու սոցիալիստական համագործակցության երկրների: Հակասովետիզմի տեսաբանները` «սովետոլոգները» (ՅՈԼ. Բոհենսկի, Կ. Մեներտ, Գ. Վետտեր և ուրիշներ), ՍՍՀՄ տնտ., հասարակական ու պետական կարգը զրպարտելու միջոցով նպատակ են հետապնդում պառակտել միջազգային հեղափոխական շարժումը: Հ–ի` առաջ քաշված փաստարկների ամբողջությունը ակնհայտորեն հանգում է ընդգծված պրոպագանդիստական նպատակների` «ապացուցել» կոմունիստական իդեալի անիրականանելիությունը, թուլացնել այդ իդեալի ձգողական ուժը` աղճատելով կոմունիզմի և կոլեկտիվիզմի մասին մարքսիստական պատկերացումները, վերագրել նրան հակահումանիստական ուղղվածություն: Համաշխարհային–հեղափոխական պրոցեսի զարգացման շնորհիվ գնալով սահմանափակվում է Հ–ի սոցիալ–քաղաքական և գաղափարական ազդեցության ոլորտը: Կոմունիստները, իմպերիալիզմի ու ռեակցիայի դեմ հանդես եկող բոլոր ուժերն իրենց առաջնահերթ խնդիրն են համարում «մեկուսացնել և հաղթել հակակոմունիզմը» (տես Конференция Коммунистических и рабочих партий Европы. Берлин, 29–30 июня 1976 г., Политиздат, 1977 г.).
Գրկ. Այվազյան Վ. Հ., Հակակոմունիզմը իմպերիալիզմի գաղափարախոսությունը և քաղաքականությունն է, Ե., 1977 Критика идеологии антикоммунизма, М., 1965 Скворцов Л. В., Идеология и тактика антикоммунизма, М., 1967 Модржинская Е.Д., Ленинизм и современная идеологическая борьба, 2 изд., М., 1972 Кортунов В.В., Идеология и политика, М., 1974 Якушевеский И. Т., Диалектика и «советология», Л., 1975 Антисоветизм на службе империализма, М., 1976 Бауэрман Р., Нищета «марксологии», пер. с нем., М., 1976.
Բ. Ղարիբջանյան
