ՀՍՀ/ՀԱԿԱՄԱՍՆԻԿՆԵՐ
ՀԱԿԱՄԱՍՆԻԿՆԵՐ, տարրական մասնիկների համախումբ: Յուրաքանչյուր տարրական մասնիկի համապատասխանում է հակամասնիկ` օժտված հակառակ նշանի քվանտային թվերով (էլեկտրական լիցք, լեպտոնային կամ բարիոնային թվեր, տարօրինակություն ևն): Մյուս հիմնական բնութագրերը, ինչպիսիք են զանգվածը, կյանքի տևողությունը, սպինը, իզոտոպ սպինը, մասնիկի և հակամասնիկի համար նույնն են: Մասնիկ-հակամասնիկ զույգի օրինակներ են էլեկտրոնը և պոզիտրոնը, պրոտոնը և հակապրոտոն ւնը, նեյտրոնը և հականեյտրոնը, նեյտրինոն և հակա-նեյտրինոն, π+- և π-- մեզոնները ևն: Հ-ից շատերի գոյությունը հաստատված է փորձով: Մասնիկ-հակամասնիկ զույգերը փոխազդելով կարող են անիհիլացվել՝ փոխարկվելով այլ մասնիկների չեզոք համակարգի կամ էլեկտրամագնիսական ճառագայթման: Կան նաև մասնիկներ (ֆոտոն, π°, η, ρ°-, φ-, ω-մեզոններ ևն), որոնց համար վերը նշված բոլոր լիցքերը հավասար են զրոյի, ուստի նրանց Հ․ համընկնում են հենց իրենց: Դրանք կոչվում են իսկորեն չեզոք մասնիկներ: Հ-ի գոյությունն առաջինը ենթադրել է Պ. Դիրակը՝ 1/2 սպինով մասնիկների ռելյատիվիստիկ քվանտային նկարագրման ժամանակ ստացվող բացասական էներգիայով վիճակների մեկնաբանման համար:
Յու. Շահնազարյան
