ՀՍՀ/ՀԱԿԱՆԵԽՈՒԹՅՈՒՆ
ՀԱԿԱՆԵԽՈՒԹՅՈՒՆ, անտիսեպտիկա (անտի… և հուն.–նեխական), վերքերի, դրանց հետ շփվող առարկաների, վիրահատման դաշտի, վիրաբույժի ձեռքերի վարակազերծում և հիվանդի օրգանիզմում վարակի վրա ներգործություն: Վիրաբուժության մեջ Հ. կիրառվում է ասեպտիկայի (վերքի մեջ մանրէների թափանցումը կանխող միջոցառումների ամբողջություն) հետ միասին: Հ. առաջինը կիրառել է անգլիացի վիրաբույժ Ջ. Լիստերը, 1867–ին: Վերքի վրա դրվում էր կարբոլաթթվով ներծծված հերմետիկ, բազմաշերտ վիրակապ, կատարվում էր կարբոլաթթվի փոշեցրում վիրահատարանում, դրանով էլ մշակվում էին վիրահատման դաշտը, վիրաբույժի ձեռքերը, գործիքները, կտրելու նյութերը, մառլյան: Սակայն կարբոլաթթվի խիստ թունավոր ազդեցությունը վերքի, հիվանդի օրգանիզմի և շրջապատի վրա շատ արագ ստիպեց հրաժարվել այդ եղանակից: Լ. Պաստյորը, Ի. Մեչնիկովը, Ռ. Կոխը և ուրիշներ հաստատեցին մանրէների դերը ախտաբանության մեջ և գիտականորեն հիմնավորեցին հականեխիչ նյութերի կիրառման անհրաժեշտությունը: Հականեխիչ միջոցները հակամանրէային ազդեցությամբ օժտված քիմ. նյութեր են: Յուրաքանչյուր հականեխիչ միջոց, կախված կիրառման պայմաններից (խտություն, ներգործման տևողություն, մանրէի զգայնությունը պատրաստուկի նկատմամբ), կարող է մի դեպքում մանրէն ոչնչացնել (մանրէասպան ազդեցություն), մի այլ դեպքում նրա աճը կանգնեցնել (բակտերիաստատիկ ազդեցություն): Հականեխիչ միջոցներն օգտագործվում են մակերեսորեն (վերքերի և խոռոչների լվացում, ոռոգում, թրջոցներ, քսումներ, ցանումներ), իսկ մի քանիսը` ներարկման ձևով բորբոքման օջախի կամ վերքի առաջնային մշակման ժամանակ, վերքի շուրջը, իսկ վիրահատման դեպքում` վարակի կանխարգելման նպատակով: Քիմ. նյութերը, որոնք օգտագործվում են վերքի վրա ներգործելու նպատակով, պետք է ունենան բավարար հակաբակտերիային ակտիվություն, չճնշեն հյուսվածքների կենսագործունեությունը և թունավորում չառաջացնեն, լուծույթներում պահելիս լինեն կայուն և վերքային արտադրության հետ շփվելիս չտարրալուծվեն: Այդ պահանջներին համապատասխանում են անտիբիոտիկները: Հականեխիչ հատկություններով օժտված են նաև սուլֆանիլամիդային պատրաստուկները (ստրեպտոցիդ, սուլֆոդիմեզին, էթազոլ և այլն), որոնք կիրառվում են ստրեպտոկոկային վարակի գերակշռության դեպքում: Բարձր հակաբակտերիային հատկություններով են օժտված ֆիտոնցիդները, որոնք պարունակվում են մի շարք բույսերում` սոխ, սխտոր, բեկտենի, սև հաղարջ և փշատերև ծառեր:
