ՀՍՀ/ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄ
ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄ, հակասեմականություն, ազգային և կրոնական անհանդուրժողություն հրեաների նկատմամբ: Սկիզբ է առել Հին աշխարհում, երբ Բաբելոնում, Եգիպտոսում, Ասորեստանում և այլուր սփռված հրեական համայնքների վերնախավը, հետևելով «աստծու ընտրյալ ժողովրդի» ցեղապաշտ դոգմային, հրեաներին դարձրեց ինքնապարփակ և նրանց ու տեղաբնիկ ժողովուրդների միջև ստեղծեց պատվարներ: Դրա հետևանքով հրեաների նկատմամբ առաջացան դարից դար խորացող սոցիալ–կենցաղային նախապաշարումներ: Հրեական համայնքների ստվարացման և տեղաբնիկների հետ տնտ. ու քաղ. մրցակցության պայմաններում Հ. սուր բնույթ ստացավ (մ. թ. սկզբին Ալեքսանդրիայում, Անտիոքում և Հռոմեական կայսրության այլ կենտրոններում հրեաների հալածանք սկսվեց): Միջին դարերում Հ. ավելի սրվեց, երբ Արմ. Եվրոպայի երկրներում հրեաների նկատմամբ տնտ., քաղ. անհանդուրժողությանը ավելացավ և կրոնականը: Քրիստոնեական եկեղեցու գործիչները հրեաներին դիտում էին որպես այլակրոններ և նրանց վերագրում մտացածին առասպելներ (Քրիստոսին խաչ հանած հրեաները հատուկ ծիսակատարություններով վերախաչել են նրան, ժամանակին առաքյալներին հալածելով` հետագայում ոտնահարել եկեղեցու սրբությունները, քրիստոնյա երեխաների արյունով թխել զատկական հացը ևն): XI դ. վերջից գործադրվեցին հակահրեական արյունալի բռնություններ: Х III–XIV դդ., ապրանքադրամային հարաբերությունների զարգացման պայմաններում, Եվրոպայում աշխուժացավ Հ–ի տնտ. դրդապատճառը: Հ–ի այնպիսի դրսևորում, ինչպիսին հրեաների զանգվածային արտաքսումն էր (1290–ին Անգլիայից, 1394–ին Ֆրանսիայից, 1492–ին Իսպանիայից ևն), կատարվում էր պարտամուրհակների ոչնչացման, հրեաների շարժական և անշարժ հարստությունների բռնագրավման նպատակով: Այն երկրներում, որտեղ շարունակեցին գոյատևել հրեական համայնքները, Հ. առավելապես դրսևորվեց ազգային խտրականության ձևերով` խառնամուսնությունների արգելում, որոշակի արտահագուստների պարտադրում, հատուկ թաղամասերում (գետտո) ապրելու բռնադատում ևն: XVI–XIX դդ. բուրժ., առաջին հերթին ֆրանս., հեղափոխությունների շնորհիվ հրեաների իրավական և այլ սահմանափակումներ զգալի չափով վերացվեցին: Սակայն XIX դ., հատկապես վերջին տասնամյակներին, Արևմտյան Եվրոպան ցնցող տնտ. տագնապների, մանավանդ մանր բուրժուազիայի քայքայման և խոշոր, այդ թվում հրեական, կապիտալի դեմ տրամադրությունների սրման պայմաններում, Հ. նոր թափ ստացավ Գերմանիայում, Ավստրո–Հունգարիայում, Ֆրանսիայում: Այդ ժամանակ էլ հրապարակ եկավ և տարածում գտավ «Հ.» տերմինը (հրեաները ենթադրվում են աստվածաշնչական Սեմի հետնորդներ), Դրեզդենում նույնիսկ գումարվեց (1882) հակասեմական 1–ին միջազգային կոնգրեսը: Հ–ի դեմ եվրոպական առաջավոր մտավորականության ուժեղացող պայքարը (օր., Ֆրանսիայում «Դրեյֆուսի գործի» կապակցությամբ) դժվարանում էր սիոնիզմի (որպես հրեական խոշոր բուրժուազիայի հետադիմական գաղափարախոսության ու քաղ. կազմակերպության) աշխուժացման պատճառով: Ռուսաստանում Հ., որ սնվում էր տնտ. դրդապատճառներից (Մոսկվայի առևտրականների պահանջով 1796–ին հրեաների «նստակեցության սահմանագծի» օրենք ընդունվեց) և խավարամիտ նախապաշարումներից, ցարիզմի կողմից լայնորեն օգտագործվեց ժող. զանգվածներին հեղափոխական շարժումներից ետ պահելու համար (հրեական ջարդերը Ալեքսանդր II–ի սպանությունից հետո, 1905 – 07–ի հեղափոխության ժամանակ, քաղաքացիական պատերազմի տարիներին): Բոլշևիկները մերկացրել են Հ–ի ռեակցիոն էությունը և պայքարը նրա դեմ դիտել որպես ազատագրական ընդհանուր պայքարի ու ազգային հարցի դեմոկրատական լուծման բաղկացուցիչ մասը: Վ. Ի. Լենինն ընդգծել է Հ–ի «անկասկածելի կապը ազգաբնակչության հենց բուրժուական և ոչ թե աշխատավորական խավերի շահերի հետ»: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո, ՍՍՀՄ–ում ազգային հարցի լուծմամբ, հրեաները ևս ձեռք բերեցին լիակատար իրավահավասարություն` կյանքի բոլոր բնագավառներում` ՌՍՖՍՀ Ժողկոմխորհի 1918–ի հուլիսի 25–ի որոշմամբ Հ–ի բոլոր դրսևորումները հայտարարվեցին օրենքից դուրս: Նորագույն ժամանակներում Հ. աննախընթաց թափ ստացավ իմպերիալիստական երկրներում: 1930–40–ական թթ. Հ–ի գլխավոր օջախ դարձավ ֆաշիստական Գերմանիան, որտեղ Հ. «հիմնավորվելով» ցեղապաշտական տեսություններով, պետականորեն կազմակերպված գենոցիդի բնույթ ստացավ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայում և նրա օկուպացրած երկրներում հատկապես կառուցված «մահվան ճամբարներում» ոչնչացվեց շուրջ 6 մլն հրեա: Հիտլերականների ջախջախումից և Նյուրնբերգյան դատավարությունում Հ. մարդկության դեմ հանցագործություն հայտարարվելուց հետո, միառժամանակ թուլացած Հ., հետագա աշխուժացում ապրեց ԱՄՆ–ում, Անգլիայում և կապիտալիստական մի շարք երկրներում: Սոցիալիզմի երկրներում, անկախ ցեղային ծագումից և ազգային պատկանելությունից, մարդկանց իրավահավասարության պայմաններում, Հ. կորցրել է իր բոլոր հիմքերը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սիոնիզմի և իմպերիալիզմի առավել հետադիմական շրջանների հակակոմունիստական, հակասովետական դաշինքի և Իսրայելի կառավարող շրջանների ռազմա–իմպերիալիստական քաղաքականության պայմաններում Հ. օգտագործում են հենց սիոնիստական ղեկավարները` «Հավերժական Հ–ի» առասպելով տարբեր երկրների հրեա աշխատավորներին մոլորեցնելու և նրանց իրենց քայքայիչ գործունեության հենարան դարձնելու նպատակով: Միաժամանակ, սիոնիստական–իմպերիալիստական շրջանները ջանում են սիոնիզմի դեմ առաջադեմ ուժերի պայքարը ներկայացնել որպես Հ.:
Գրկ. Энгельс Ф., Об антисемитизме, Маркс К. и Энгельс Ф., Соч., 2 изд., т. 22 Լենին Վ. Ի., Հրեաների ջարդարարական հալածանքի մասին, Երկ., հ. 29: Бебель А., Социал–демократия и антисемитизм, СПБ, 1907 Лозинский С. Г., Социальные корни антисемитизма в средние века и в новое время, Л., 1929.
