ՀՍՀ/ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՌԵԱԿՏԻՎ ԱՐԿԵՐ
ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՌԵԱԿՏԻՎ ԱՐԿԵՐ, հակատանկային կառավարվող հրթիռներ, տանկերի և զրահապատ այլ օբյեկտների դեմ պայքարելու զենք: Ստեղծվել են XX դ. 50–60–ական թթ.: Հիմնական հատկություններն են. անշարժ և մանևրող օբյեկտներ խոցելու մեծ դիպուկությունը (տանկին դիպչելու հավանականությունը 70–90 է), զրահաթափանց մեծ ուժը` 3–4 կմ հեռավորությունից կարող է խոցել 400–500 մմ զրահը: Հ. կ. ռ. ա. ունեն նշանառության, ձեռքի, կիսավտոմատ, զուզակցված կամ ինքնանշանառության համակարգեր: Ըստ զանգվածի լինում են` թեթև (5–15 կգ), միջին (15–40 կգ) և ծանր (40 կգ–ից ավել): Հ. կ. ռ. ա. լինում են ձեռքի և մեքենայական փոխադրման, ինքնագնաց, ինքնաթիռային, ուղղաթիռային: Արկի իրանը սովորաբար պատրաստվում է գլանաձև, թեթև ամուր մետաղներից կամ պոլիմերային նյութերից: Արկի մարտական մասը, որպես կանոն, կումուլյատիվ է, զրահաթափանց: Շարժիչը հրթիռային է, աշխատում է չոր վառելիքով: Արձակվելուց հետո արկի կառավարումն իրագործվում է հաղորդալարի կամ ռադիոկապի միջոցով: Հաղորդալարային կապն աչքի է ընկնում աղմկակայունությամբ և սարքավորումների պարզությամբ (կոճի վրա փաթաթված 0,1–0,3 մմ հաստությամբ լարը տեղադրվում է արկի վրա և թռչելու ժամանակ բացվում է):
