ՀՍՀ/ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, հակառակորդի տանկերի, մարտական և զրահամեքենաների հարձակումը կասեցնելու և դրանք ոչնչացնելու միջոցառումների համակարգ: Կիրառվում է մարտական բոլոր տիպի գործողություններում: Հ. պ. ծագել է առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) տարիներին: Հ. պ. լայն թափով սկսեց զարգանալ առանձնապես երկրորդ համաշխարհային պատերազմում (1939–45), ուր այն ներառում էր վաշտային հակատանկային հենակետեր, տանկային դարաններ, հրետանային հակատանկային ռեզերվներ, հակատանկային ուղեփակոցներ: Հարձակման ժամանակ Հ. պ. կազմակերպվում էր հակառակորդի տանկերի հակահարձակումը կասեցնելու համար: Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում սկսեցին կիրառվել հակատանկային չկառավարվող ռեակտիվ զենք. գերմ. բանակում` ֆաուստ–փամփուշտ, ԱՄՆ–ի բանակում` «բազուկա» ևն: Արդի Հ. պ. իրագործում են ցամաքային բոլոր զորատեսակները` կիրառելով հրթիռային տեխնիկա, ավիացիա, հրետանի, տանկեր, հակատանկային կառավարվող ռեակտիվ արկեր, հրանետներ, զանազան ուղեփակոցներ ևն:
