ՀՍՀ/ՀԱԿՈԲԻԿՅԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ՀԱԿՈԲԻԿՅԱՆ ԵԿԵՂԵՑԻ, Ասորոց միաբնակ եկեղեցու ավանդապահ թևի անվանումը: Առաջացել է 560–570–ական թթ., երբ Ասորոց միաբնակ եկեղեցին ներքին երկպառակությունների հետևանքով երկփեղկվել է: Առաջին մասը, Անտիոքի Պողոս պատրիարքի անունով, կոչվել է Պողոսյան եկեղեցի, երկրորդը` Եդեսիայի եպիսկոպոս Հակոբ Բարադեոսի (490–578) անունով` Հ. ե.: Առաջինի հետևորդները, եկեղեցու միասնությունը վերականգնելու նպատակով, կողմ էին քաղկեդոնականությանը որոշ զիջումներ անելու, իսկ հակոբիկյաններն անզիջում դիրք էին բռնել: Հ. ե. ունեցել է իր ինքնուրույն պատրիարքը, որի նստավայրը սկզբնական շրջանում Անտիոքն էր: Հետագայում, թեպետ նստավայրը հաճախ է փոխվել, բայց Հ. ե–ու գլուխը շարունակվել է կոչվել Անտիոքի պատրիարք: Հ. ե. մշտական բարեկամական հարաբերություններ է պահպանել Հայոց եկեղեցու հետ: Այժմ Հ. ե. ներկայացնում է Ասորոց միաբնակ եկեղեցին:
