ՀՍՀ/ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ
ՀԱԿՈԲՅԱՆ Արշավիր Մնացականի, ծն. 6.1.1908, գ. Ստհան (Սարիղամիշի գավառում, Կարսի մարզում) հայ սովետական պատմաբան: Պատմական գիտ. դ–ր (1967), պրոֆեսոր (1960), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1967): ՍՄԿԿ անդամ 1928–ից: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստ–ի պատմության ֆակուլտետը (1940): 1932–39–ին եղել է կուսակցական աշխատող: Մասնակցել է 1941–4–5–ի Հայրենական մեծ պատերազմին: 1949–51–ին եղել է Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի ՍՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ, 1951 – 1975–ին` ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ի սովետական հասարակության, այնուհետև` Հոկտեմբերյան հեղափոխության և սոցիալիստական շինարարության պատմության բաժնի վարիչ: Հ–ի գիտական ուսումնասիրությունները վերաբերում են Սովետական Հայաստանում սոցիալիստական հասարակարգի կառուցման պատմությանը: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի I և II աստիճանի, Կարմիր աստղի 2, «Պատվո նշան» շքանշաններով և մեդալներով:
Երկ. Քաղաքացիական կռիվները Հայաստանում, 1921 թ., Ե., 1948: Սովետական ժողովուրդների անխախտ բարեկամությունը, Ե., 1954: Սովետական Հայաստանը ժողովրդական տնտեսության վերականգնման ժամանակաշրջանում (1921–1925 թթ.), Ե., 1955 Սովետական Հայաստանը կոմունիստական շինարարության հինգերորդ հնգամյակի տարիներին. 1951 – 1955 թթ., Ե., 1962: Սովետական Հայաստանը ութերորդ հնգամյակի տարիներին. 1966–1970 թթ., Ե., 1977:
