ՀՍՀ/ՀԱԿՈԲ ԵԴԵՍԱՑԻ
ՀԱԿՈԲ ԵԴԵՍԱՑԻ, Աթանաս Բ (մոտ 633, գ. Էնդեբա –708, Տելլ–Ադդա վանք), ասորի պատմագիր, մեկնիչ, փիլիսոփա: 680–ից եղել է Եդեսիայի եպիսկոպոս, 684–687–ին` Հակոբիկյան եկեղեցու պատրիարք: Հրաժարվելով գահից` մինչև 698–ը բնակվել է Եվսեբոնա վանքում (Անտիոքի մոտ) և զբաղվել մանկավարժությամբ ու Սուրբ գրոց մեկնությամբ: Այնուհետև հաստատվել է Տելլ–Ադդա վանքում (Եդեսիայի մոտ): Վերանայել է Հին կտակարանի ասորական թարգմանությունը («պեշշիտո»– պարզ), գրել «Ժամանակագրություն» (ուր տվել է սկզբից մինչև 692 թ. պատմությունը), «Վեցօրյա», «Ընդդեմ Քաղկեդոնի» երկերը, ճառեր, նամակներ, կատարել թարգմանություններ: Հայագիտության համար արժեքավոր է «Վեցօրյա» երկի Գ մասը («Աշխարհագրություն»), ուր կարևոր տեղեկություններ կան Հայաստանի և հայերի մասին: Ունի նաև փոքր գրվածք, որն ուղղված է Հայոց եկեղեցու ծիսակատարության մեջ մուտք գործած հեթանոսական սովորությունների դեմ:
Գրկ. Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 8. Ասորական աղբյուրներ 1, Ե.,1976: Հ. Մելքոնյան
