Jump to content

ՀՍՀ/ՀԱԿՈԲ ԹՈԽԱԹՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱԿՈԲ ԹՈԽԱԹՑԻ 1563, ք. Եվդոկիա (Թոխաթ)–1657–1663 թթ. միջև, հայ տաղասաց, թարգմանիչ, գրիչ: Աշակերտել է Հակոբ Այվաթենց Թոխաթցուն, որից տարբերվելու համար իրեն կոչել է Հակոբ Բաթուկենց Թոխաթցի: 1593–1595–ին ապրել է Օլախաց երկրի (Վալախիա) Յաշ քաղաքում, ապա հաստատվել Զամոսցա հայաշատ քաղաքում (Արևմտյան Ուկրաինա): Հեղինակ է «Ողբ ի վերայ Օլախաց երկրին» (գրված 1595–96–ին), «Տաղ և ողբանք ի վերայ Եվդոկիա քաղաքին» (1604) պատմական թեմայով ողբերի, քնարական բնույթի զղջական–խրատական տաղերի, գանձերի և ներբողների, «Յակոբի Սաղմոսարան» կոչված անտիպ ընդարձակ երկի, որը Հին կտակարանի սաղմոսների չափածո վերամշակումն է (1627.150 սաղմոսները ներկայացված են հանգավոր ոտանավորով, բազմազան չափերով): Լատ–ից հայերեն է թարգմանել հնդ. ծագում ունեցող «Եօթն իմաստասիրաց պատմութիւն»–ը (1614), որը, խմբագրական որոշ փոփոխություններով, հրատարակվել է 9 անգամ (1–ին հրտ. 1696): Այդ գործը հայերենից թարգմանվել է նաև թուրք. (1803), ռուս. (1847), վրաց. (XIX դ.), ֆրանս. (1919): Հ. Թ–ու գրչությամբ պահպանվել է 6 ձեռագիր (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ., Վիեննայի Կայսերական և Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարանների հավաքածուներ): Բացառիկ նշանակություն ունի նրա գրչագրած «Գեռլայի տաղարանը» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. 10050), որն ամփոփում է հայ միջնադարյան պոեզիայի բազմատեսակ ստեղծագործություններ:

Երկ. Տաղ վասն կենաց մարդկան, «Բազմավեպ», 1865, 6: Գիրք պատմութեան կայսերն Փոնցիանոսի… (Եօթն իմաստասիրաց պատմութիւն), Լիվոռնո, 1696:

Գրկ. Ակինյան Ն., Հակոբ Երեց Թոխաթեցի, տես նրա «Հինգ պանդուխտ տաղասացներ», Վնն., 1921: Նույնի, Հակոբ Թոխաթեցու «Ողբ ի վերայ երկրին Օլախաց», տես նրա «Մատենագրական հետազոտություններ», հ. 4, Վնն., 1938: Պ. Խաչատրյան