ՀՍՀ/ՀԱԿՈԲ ՂՐԻՄԵՑԻ
ՀԱԿՈԲ ՂՐԻՄԵՑԻ (1360–ական թթ., Ղրիմի Սուրխաթ կամ Ղրիմ քաղաքում – 1426 Արծկեի Ցիպնա վանք), տոմարագետ, րաբունապետ, երաժիշտ, քերական, մեկնիչ: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա տեղափոխվել Երզնկայի դպրոցը (հիմն. 1386–ին, Գևորգ Երզնկացու րաբունապետությամբ, նախ` Ավագ, ապա` Կապոսի վանքում), որն ավարտելուց հետո դասասաց ուսուցիչ է կարգվել նույն դպրոցում: 1389–ին աշակերտների համար ձեռագիր է ընդօրինակել, որոշ գործեր մեկնել–պարզաբանել ձեռագրերի լուսանցքներում կամ համառոտել` հեշտ և դյուրըմբռնելի դարձնելու նպատակով: Միաժամանակ դասավանդել է տոմարագիտություն: Գևորգ Երզնկացու հանձնարարությամբ իր դասախոսությունները գրի է առել և կազմել տոմարագիտության ձեռնարկ, որը նախորդ իմաստասերներից ու գիտնականներից մեխանիկորեն քաղված աշխատանք չէր, այլ առարկայի համակարգված և դյուրամատչելի շարադրանք: Գրիգոր Խլաթեցու խնդրանքով, 1410–ին տեդափոխվել է Վանա լճի հս–ում գտնվող Մեծոփա վանքի նորաբաց դպրոցը` որպես րաբունապետ և դասավանդել իմաստասիրություն և տոմարագիտություն: Խլաթեցուն փոխարինող Թովմա Մեծոփեցի րաբունապետի հանձնարարությամբ 1415–ին համառոտել է Գրիգոր Տաթևացու երկհատոր Քարոզգիրքը և դարձրել մեկ հատոր, որն ուներ սրբագրված, խմբագրված, ինչպես նաև լրացումներով մի շարք քարոզներ: 1416–ին Հ. Ղ. կարգավորել է տոմարի խախտված դասագիրքը, ապա գրել «Մեկնութիւն Տոմարի» աշխատությունը: «Մեկնության» սկզբում Հ. Ղ. հիմնավորել է տոմարը ուսանելու համար քառյակ գիտությունների (թվաբանություն, երաժշտություն, երկրաչափություն և աստղաբաշխություն) ուսուցման անհրաժեշտությունը: Իր տեսություններից մի քանիսը հիմնավորել է` ելնելով լուսնի փուլերի սեփական դիտարկումից: Հ. Ղ. դասավանդել է նաև գրչության արվեստ և երաժշտություն: Դասվել է միջնադարյան հայ նշանավոր գիտնական–վարդապետների շարքը: Հ. Ղ–ու ընդօրինակություններից, ինչպես նաև ուրիշների ընդօրինակությունների վրա նրա սրբագրություններով, լրացումներով ու մեկնություններով մեզ են հասել մի շարք ձեռագրեր, որոնց մի մասը գրված է նոտրգրով: Դրանցից են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի 3487, 2365, 178, 1716 և ՍՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստ–ի Լենինգրադի մասնաճյուղի 88 («Քարոզգիրք») ձեռագրերը:
Գրկ. ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմ. Լ. Ս. Խաչիկյան, Ե., 1950: ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմ. Լ. Ս. Խաչիկյան, մաս 1–3, Ե., 1955–67: Ա. Մաթևոսյան
