ՀՍՀ/ՀԱԿՈԲ ՄԵՂԱՊԱՐՏ
ՀԱԿՈԲ ՄԵՂԱՊԱՐՏ (ծն. և մահ. թթ. անհտ.), հայ առաջին տպագրիչ, հայկական տպագրության սկզբնավորող և հիմնադիր: Գործել է XVI դ. սկզբներից (գուցե XV դ. վերջերից), Վենետիկում: Տեղի գրաձուլող վարպետների մոտ պատրաստել է տվել հայերեն մի տեսակ բոլորգիր և գլխագիր տպատառեր, ինչպես և զարդագրերի, պատկերների, չորս քառանկյունի զարդերի և 24 վերնախորագրային զարդաձև շրջանակների տպատախտակներ: Հ. Մ–ի սարքավորած առաջին հայկ. տպարանը աշխատել է 1512–1513–ին, լույս ընծայելով հավանաբար 6 ԳԻՐՔ, այժմ պահպանված է 5–ը: Դրանք են (ըստ տպագրման հերթականության)` «Ուբբաթագիրք», «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզատումար», «Տաղարան»: Պահպանված 5 գրքերից միայն «Պատարագատետր»–ն ունի հրատարակության թվականը, վայրն ու տպագրիչի անունը նշող հիշատակարան. «Գրեցաւ սուրբ տառս ի ջկբ (1513), ի աստուածապահ քաղաքս ի Վէնէժ, որ է Վենետիկ` Ֆռանկստեան. ձեռամբ Մեղապարտ Յակոբին. ով որ կարդայք մեղաց թողութիւն խնդրեցէք Աստուծոյ»: Հակոբի գործածած «մեղապարտ» մականունը, որ սովորական էր գրչագիր մատյանների և հնատիպ գրքերի հիշատակարաններում, այժմ հատուկ անվան արժեք է ստացել: Հ. Մ–ի տպագրած գրքերի վերջում կա տպարանանիշ, որ խաչակիր շրջանակ է երկգիծ քառակուսու մեջ: Շրջանակը բաժանված է չորս մասի, յուրաքանչյուրում կա լատ. մի սկզբնատառ` D. I. Z. A.: Վերծանման շատ փորձեր են արվել, առավել հավանականը Կ. Բասմաջյանինն է` Dei servus (Աստծու ծառա), Iakobus (Հակոբ), Zanni (Ծաննի` Հովհաննես(յան), Armenius (Հայ): Հ. Մ. ջանացել է իր տպագրած գրքերը նմանեցնել ձեռագրերի, քանի որ այն ժամանակ տպագիր գիրքը անսովոր էր հայոց մեջ: Հ. Մ–ի տպագրական արվեստի ավանդները (տպատառերի, զարդագրերի ու զարդերի ձևերը, տպագիր էջի չափը ևն) օգտագործեցին հաջորդ հայ տպագրիչները` Աբգար Թոխաթեցին, Սուլթանշահը և ուրիշներ: Ըստ ՍՍՀՍ ԳԱ թղթ. անդամ Ալեքսեյ Սիդորովի տեսակետի, Հ. Մ–ի տպագրական արվեստից, հատկապես զարդաձևերից, օգտվել են նաև ոուս առաջին տպագրիչ Իվան Ֆեոդորովը և եվրոպացի տպագրիչներ: Տես նաև Հայկական տպագրություն:
Գրկ. Զարբհանալյան Գ., Պատմություն հայկական տպագրության, Վնտ.,1895: Լեո, Հայկական տպագրություն, հ.1, Թ., 1904: Թեոդիկ, Տիպ ու տառ, ԿՊ,1912: Լևոնյան Գ., Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե., 1958: Իշխանյան Ռ., Հայ գրքի պատմություն, հ. 1, Ե.,1977: Ռ. Իշխանյան
