ՀՍՀ/ՀԱԿՈԲ ՄԾԲՆԱՑԻ
ՀԱԿՈԲ ՄԾԲՆԱՑԻ (ծն. թ. անհտ.–338), ասորի եպիսկոպոս, ասորական և հայկական եկեղեցիների գործիչ: Ենթադրվում է, որ Մծբինի եպիսկոպոս եղած ժամանակ մասնակցել է Նիկիայի առաջին (325) տիեզերական ժողովին: Հ. Մ. Հայաստանի Սասուն և այլ գավառներում զբաղվել է քարոզչությամբ, հիմնել դպրոցներ, եկեղեցիներ: Պատմությանը հայտնի առաջին անձնավորությունն է, որը փորձել է բարձրանալ Արարատ լեռը: 338–ին կազմակերպել է պարսից արքա Շապուհ II–ի զորքերից պաշարված Մծբինի 70–օրյա պաշտպանությունը: Հայ մատենագրության մեջ սխալմամբ Հ. Մ–ուն են վերագրվել ասորի հեղինակ Ափրաուաի ճառերը: Հայկական եկեղեցին սրբացրել և այժմ էլ տոնում է Հ. Մ–ու հիշատակը:
Գրկ. Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 8. Ասորական աղբյուրներ 1, Ե., 1976 Մելքոնյան Հ., Հայ–ասորական հարաբերությունների պատմությունից (III–V դարեր), Ե., 1970: Հ. Մելքոնյան
