ՀՍՀ/ՀԱԿՈԲ ՔՌՆԵՑԻ
ՀԱԿՈԲ ՔՌՆԵՑԻ, Հակոբ Թարգման (ծն. և մահ. թթ. անհտ), XIV դարի առաջին կեսի հայ թարգմանիչ, ունիթորական շարժման գործիչ: Քռնայի (Երնջակի գավառ) հայ–դոմինիկյան միաբանության անդամ: Հովհաննես Քռնեցու աջակցությամբ 1330–40–ական թթ. բեղմնավոր գրական գործունեություն է ծավալել Քռնայի վանական դպրոցում, լատիներենից հայերեն է թարգմանել եվրոպացի մի շարք փիլիսոփաների և աստվածաբանների աշխատությունները (այդ թվում` Ժիլբեր Պոռետացուց, Ալբերտ Մեծից և Թովմա Աքվինացուց): Հ. Ք–ու օգնությամբ Քռնայի վանքում գրական աշխատանք են ծավալել եվրոպացիներ Բարդուղիմեոս Բոլոնիացին, Պետրոս Արագոնացին և Հովհան Անգլիացին, որոնց աշխատությունները Հ. Ք–ու և այլոց թարգմանությունների շնորհիվ փրկվել են կորստից: Արդեն XIV դ. կեսից Հ. Ք–ու թարգմանությունները տարածվել են հայ կրթական կենտրոններում, օգտագործվել Տաթևի համալսարանում (փիլիսոփայություն դասավանդելու համար), նպաստել Հովհան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու փիլ. հայացքների ձևավորմանը, ինչպես և նրանց` կաթոլիկական եկեղեցու գաղափարախոսության դեմ մղած պայքարի հաջողությանը: Հ. Ք–ու թարգմանչական գործունեությունը խորացրել է հայ–արևմտաեվրոպական գրական և գիտ. կապերը, լայնացրել միջնադարի հայ ընթերցողների ծանոթությունը եվրոպական փիլ. մտքի հիմնական ուղղությունների հետ: Հ. Ք–ու թարգմանությունների բազմաթիվ գրչագրեր պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում և արտասահմանյան ձեռագրատներում:
Մ. Արևշատյան
