ՀՍՀ/ՀԱԿՈՒՄ
ՀԱԿՈՒՄ կենդանի օրգանիզմի որևէ պահանջը բավարարելու ձգտում: Հատուկ է կենդանիներին և մարդկանց: Կենդանու Հ. հիմնականում բնազդային բնույթ ունի (տես Բնազդ): Մարդու Հ. բնածին է (բնազդային) և սոցիոգեն: Ունի որոշ չափով արտահայտված ուղղվածություն այն օբյեկտների նկատմամբ, որոնք կարող են բավարարել նրա պահանջմունքը: Որպես ակտիվության դրդապատճառ, Հ. շարժման մեջ է դնում օրգանիզմի զգայական, շարժողական և բարձրագույն իմացական հնարավորությունները` օբյեկտի որոնման և պահանջմունքի բավարարման խնդիրները լուծելիս: Առանձնացվում են Հ–ման ազդեցության տակ կատարվող գործունեության երեք փուլ. օբյեկտի որոնման և ընկալման, օբյեկտի հետ գործողությունների կատարման, պահանջմունքի բավարարման: Հ. խիստ շարժուն հոգեկան երևույթ է: Այն կարող է մեկ օբյեկտից անցնել մյուսին: Միաժամանակ մի շարք Հ–ներ ունենալիս դրանց միջև կոնֆլիկտներ են առաջանում: Կոնֆլիկտների հաղթահարման հնարավոր ուղիներն են. ա. Հ–ների զսպում` համաձայն նորմերի, բ. միջավայրի որոշ փոփոխությունների շնորհիվ ներքին լարման թուլացում, գ. Հ–ների բավարարում` սոցիալական վարքի նորմերը խախտելու գնով: Նոր իրադրության մեջ հայտնվելիս, մարդը հանդես է բերում իմպուլսային, ինքնաբեր Հ–ներ, որոնք կախված են կենսափորձից և զգալի չափով անհատական են: Մարդկային Հ–ները խորքային և դինամիկական հոգեբանության ուսումնասիրության առարկան են: Կենդանիների Հ–ների ուսումնասիրմամբ զբաղվում է էտոլոգիան:
Գրկ. Рубинштейн С. Л., Основы общей психологии, М., 1946, гл. XVIII Шибутани Т., Социальная психология, М., 1969 Хайнд Р., Поведение животных, М., 1975. Ա. Նաչալջյան
