ՀՍՀ/ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄՈՆՈՒՄԵՆՏ
ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄՈՆՈՒՄԵՆՏ Երևանում, կառուցվել է ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի: Բացվել է 1950–ի նոյեմբերի 29–ին: Հեղինակներն են` ճարտ. Ռ. Իսրայելյանը և քանդակագործ Ս. Մերկուրովը (1951–ին արժանացել են ՍՍՀՄ պետ. մրցանակի): Տեղադրված է «Հաղթանակ» զբոսայգում, Քանաքեռի սարալանջին, տեսանելի է քաղաքի տարբեր մասերից: Հորինվածքը ոգով հարազատ է հայկական ճարտ. կենտրոնակազմ կառույցներին: Պատվանդանը ներսում եռահարկ է և ընդգրկում է «Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմում» թանգարանի սրահները: Հ. մ. արվեստների համադրման սկզբունքի նորովի մեկնաբանման արգասիք է: Ի տարբերություն պատվանդան–արձան ավանդական հորինվածքների, ուր կա մ ճարտ. մասը լոկ պատվանդան է քանդակի համար, կա մ էլ քանդակը ընկալվում է որպես շենքի վերջավորում, հուշարձանի ճարտ. և քանդակագործական մասերը համարժեք են, ընդհանուր մտահղացման սահմաններում ունեն ինքնուրույն նշանակություն, բովանդակություն և իմաստավորում: Պատերի զուսպ պլաստիկ մշակումը, քանդակազարդ շքամուտքի 19 չկրկնվող վարդյակների նուրբ նկարվածքը հարազատ են ազգային արվեստի լավագույն նմուշներին: Մոնումենտը կառուցված է տարբեր երանգների սև տուֆից: Նախկին քանդակի փոխարեն 1967–ին դրվել է հաղթանակած «Մայր Հայաստան»–ը խորհրդանշող քանդակը (կոփածո պղինձ, քանդակագործ` Ա. Հարությունյան): Հ. մ–ի ընդհանուր բարձրությունը 51 մ է:
Լ. Բաբայան
