ՀՍՀ/ՀԱՂՈՐԴԱԼԱՐԵՐ
ՀԱՂՈՐԴԱԼԱՐԵՐ էլեկտրական, մեկ կամ մի քանի մետաղալարերից կազմված մետաղական հաղորդիչներ: Ծառայում են էլեկտրական էներգիայի, էլեկտրական ազդանշանների հաղորդման, ինչպես նաև էլեկտրական մեքենաների, տրանսֆորմատորների, էլեկտրակենցաղային և չափիչ սարքերի փաթույթների պատրաստման համար: Հ–ի կոնստրուկտիվ բնութագրերն են` հոսանքատար ջղերի քանակը, նրանց նյութը, կտրվածքի ձևը, յուրաքանչյուր ջղում մետաղալարերի քանակը, մեկուսացման տիպը, աշխատանքային լարումը, ջեռակայունությունը ևն: Հ. լինում են չմեկուսացված և մեկուսացված: Չմեկուսացված Հ. օգտագործում են էլեկտրահաղորդման օդային գծերում (տես Էլեկտրահաղորդման գծեր) և էլեկտրական տրանսպորտի կոնտակտային ցանցերում: Պատրաստում են պողպատից, ալյումինից, պղնձից, ինչպես նաև կոռոզիակայուն և բարձր մեխանիկական ամրության համաձուլվածքներից: Կիրառում են 110 կվ և բարձր լարման էլեկտրահաղորդման գծերում: Կտրվածքը 600–700 մմ է: Մեկուսացված Հ. լինում են տեղակայման, փաթույթային և մոնտաժային: Տեղակայման Հ. պատրաստում են պոլիվինիլ–քլորիդով կամ ռետինով մեկուսացված պղնձից կամ ալյումինից (շրջանաձև կտրվածքով): Մեկուսացումը նախատեսվում է 220–600 վ աշխատանքային լարման և շրջապատող միջավայրի 40–70°C ջերմաստիճանների համար: Փաթույթային Հ. պատրաստում են պղնձից, ավելի հազվադեպ` ալյումինից (շրջանաձև կամ ուղղանկյուն հատվածքով)` արծնե, թղթե, բամբակե մեկուսացմամբ: Մոնտաժային Հ. պատրաստում են հիմնականում պղնձից (շրջանաձև հատվածքով)` ժապավենային կամ մանրաթելային մեկուսացմամբ: Նախատեսվում է 240–500 վ (հաճախ մինչև 1000 վ) լարման և շրջապատող միջավայրի 40–70°C ջերմաստիճանների համար: Օգտագործվում են էլեկտրատեխնիկական և ռադիոէլեկտրոնային ապարատներում տարրերի էլեկտրական միացումների համար, բաշխիչ սարքերում ևն: 1960–ական թթ. լայն տարածում են գտել նաև գերհադորդիչ նյութերից պատրաստված Հ., որոնց դիմադրությունը ցածր (4 K) ջերմաստիճանների դեպքում հավասար է զրոյի:
