ՀՍՀ/ՀԱՂՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՂՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (կենսբ.), նյարդերի և մկանային թելիկների դրդում հաղորղելու հատկություն: Հ–յան շնորհիվ զգայական նյարդային վերջույթներից դրդումը հասնում է նյարդային կենտրոններ, վերջիններից էլ` տարբեր օրգաններին: Էվոլյուցիայի ընթացքում Հ. աստիճանաբար արագացել է և կատարելագործվել: Ստորակարգ անողնաշարավորների Հ. փոքր է (օրինակ, անատամի շարժիչ նյարդում 1 սմ/վրկ է), և դրդումը հաղորդվում է թուլացումով, արագության նվազմամբ (դեկրեմենտ հաղորդում): Ողնաշարավորների Հ. ավելի մեծ է (մարդու և կաթնասուն կենդանիների նյարդային թելիկներում 100–120 մ վոկ է) և նյարդային համակարգում հաղորդվում է չնվազող արագությամբ (ոչ դեկրեմենտ հաղորդում): Կմախքային մկաններում դրդումը տարածվում է 9 –10 անգամ դանդաղ, ներքին օրգանների մկաններում` ավելի դանդաղ: Նյարդային համակարգում Հ. կախված է թելիկի հաստությունից (որքան հաստ է թելիկը, այնքան մեծ է հաղորդման արագությունը), միելինային թաղանթի զարգացման աստիճանից (ոչ միելինապատ նյարդային թելիկները դրդումը հաղորդում են ավելի դանդաղ, քան նույն տրամագծի միելինապատ թելիկները): Մեկուսացած մկանային և նյարդային թելիկները դրդումը գրգռման հատվածից հաղորդում են երկկողմանի: Ամբողջական օրգանիզմում, շնորհիվ սինապսների, Հ. նյարդային թելիկներով կատարվում է միևնույն ուղղությամբ: Դրդման ալիքի ինտենսիվությունը, տևողությունը և տարածման արագությունը կախված են նյարդային կամ մկանային թելիկի ֆունկցիոնալ վիճակից և դրդված տեղամասում նրանց կառուցվածքի առանձնահատկություններից:
