ՀՍՀ/ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐ
ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐ էլեկտրական, էլեկտրական հոսանքի անցմանը աննշան դիմադրություն ցույց տվող նյութեր (մարմիններ): Հ. պարունակում են մեծ թվով հոսանքակիրներ` լիցքավորված ազատ մասնիկներ, որոնք էլեկտրական դաշտի ազդեցությամբ կարգավորված շարժում են ձեռք բերում և ստեղծում հաղորդականության էլեկտրական հոսանք: I կարգի Հ–ում (մետաղներ և համաձուլվածքներ) հոսանքակիրները էլեկտրոններն են, II կարգի Հ–ում (էլեկտրոլիտներ)` իոնները: Նյութի պլազմային վիճակում հոսանքակիրները ազատ էլեկտրոններն են և իոնները: I կարգի Հ. կիրառվում են էլեկտրական մալուխներում, հաղորդալարերում, ինդուկտիվության կոճերում, տրանսֆորմատորների և էլեկտրական մեքենաների փաթույթներում, էլեկտրաջեռուցիչ սարքերի պարույրներում, էլեկտրական էներգիայի փոխակերպման, բաշխման, հաղորդման սարքավորումներում և այլուր: II կարգի Հ. օգտագործվում են գալվանական էլեմենտներում (էլեկտրական կուտակիչներ, մարտկոցներ), էլեկտրոլիզի պրոցեսներում, ֆիզիկաքիմիական հետազոտություններում:
