ՀՍՀ/ՀԱՂՊԱՏԻ ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀԱՂՊԱՏԻ ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, Անդրկովկասի հնագույն կոմունիստական կազմակերպություններից, ձևավորվել է 1903–ի հունիսին` Ա. Կախոյանի և Մելիք Մեյիքյանի ջանքերով: Կազմակերպության հիմքը եղել է 1902–ից Մարտիրոս Թանդիլյանի ղեկավարությամբ գործող լենինյան իսկրայական խմբակը: Հիմնադիր կազմի անդամներից էին նաև Սիմոն Իսրայելյանը, Սայադ Շամբարյանը, Արզուման Սոխակյանը, Եգոր Մաթոսյանը և ուրիշներ: 1903–ի նոյեմբերին կազմակերպությունը ղեկավարեց Հաղպատի գյուղացիների զինված ելույթը` կալվածատեր Բարաթովի և ցարական իշխանությունների դեմ: Չնայած ոստիկանությունը դաժանորեն ճնշեց ելույթը, և Հ. բ. կ–ի ակտիվ անդամներից շատերը նետվեցին Մետեխի բանտը, սակայն ցարական էկզեկուցիան չկարողացավ խեղդել Հաղպատի գյուղացիության հեղափոխական ոգին: 1905–07–ի հեղափոխության տարիներին Հ. բ. կ. ավելի վճռականորեն ներգրավվեց համառուսաստանյան հեղափոխական շարժման մեջ: Այդ տարիներին կազմակերպության աչքի ընկնող գործիչներից էին բանվորներ Ս. Փիրուզյանը, Օ. Մարուքյանը, Պ. Թանդիլյանը, Շ. Բեժանյանը, Ա. և Մ. Շամբարյանները, Ալ. Ալիխանյանը և ուրիշներ: Նշանակալից էր Ս. Էվոյանի ղեկավար գործունեությունը: Նա Ա. Կախոյանի հետ Թիֆլիսի բոլշևիկյան կենտրոնից Լոռուն ամրացված պրոպագանդիստ–կազմակերպիչ էր: 1905–08–ին Հ. բ. կ. ՌՍԴԲԿ Բորչալուի կազմակերպության մարտունակ ջոկատներից մեկն էր: Այստեղ են գումարվել Լոռու բոլշևիկյան կազմակերպությունների 1905–ի օգոստոսյան խորհրդակցությունը, ինչպես նաև Բորչալուի բոլշևիկյան կազմակերպության 1906–ի հոկտեմբերյան և դեկտեմբերյան կոնֆերանսները, որոնք ղեկավարել է Ս. Շահումյանը: Դեկտեմբերյան կոնֆերանսը ՌՍԴԲԿ V (Լոնդոնի) համագումարի դելեգատներ ընտրեց վճռական ձայնով Ս. Շահումյանին, Ա. Կախոյանին, իսկ խորհրդակցական ձայնով` Մ. Ցխակայային: Հ. բ. կ. իր գործունեությունը շարունակել է նաև ստոլիպինյան ռեակցիայի շրջանում: Այդ են վկայում 1907–ի աշնանը Հաղպատում գումարված ՌՍԴԲԿ Բորչալուի կազմակերպության 4–րդ կոնֆերանսը, ինչպես նաև 1908–ի ապրիլի 15–ի խորհրդակցությունը, որոնցում վճռականորեն դատապարտվել է Անդրկովկասի ազգայնական կուսակցությունների և մենշևիկ լիկվիդատորների վարքագիծը: 1908–ի ապրիլյան խորհրդակցությունից հետո, երբ Թիֆլիսի մենշևիկների ջանքերով վերացվեց Բորչալուի կազմակերպությունը, հեղափոխական գործունեության կենտրոնը Լոռիում դարձավ Հ. բ. կ.: Կազմակերպության գործունեությունը նշանակալից էր Լոռու «Չեզոք գոտու» սովետական իշխանության համար մղված պայքարի շրջանում: Այդ շրջանում Հ. բ. կ. Ա. Մռավյանի, Հ. Լազյանի, Գ. Առուստամյանի, Ս. Էվոյանի, Ս. Սարգսյանի և այլ բոլշևիկների ղեկավարությամբ գլխավորեց 1921–ի փետրվարին Լոռիում բռնկված ապստամբությունը, որը 11–րդ կարմիր բանակի օգնությամբ ավարտվեց հաղթանակով, և Լոռին միացավ Սովետական Հայաստանին:
Գրկ. Կախոյան Ա., Հոդվածներ և հուշեր, Ե., 1963: Հին բոլշևիկների հիշողություններ, Ե., 1958: Մելիքյան Հ. Ս., Մարքսիստական կազմակերպությունները և ռևոլյուցիոն շարժումները Լոռում (1899–1908), Ե., 1957: Հ. Մելիքյան
