ՀՍՀ/ՀԱՃԱԽԱՄԻԶՈՒԹՅՈՒՆ
ՀԱՃԱԽԱՄԻԶՈՒԹՅՈՒՆ, հաճախացած միզարձակում, բնորոշ է ստորին միզուղիների հիվանդություններին, սակայն նկատվում է նաև երիկամների և վերին միզուղիների հիվանդությունների դեպքում: Հ–յան հիմքում ընկած է միզապարկի լորձաթաղանթի և միզուկի ետին հատվածի զգայունության բարձրացումը: Առաջանում է նաև ռեֆլեկտոր ճանապարհով` երիկամների և միզածորանների հիվանդությունների դեպքում: Կանանց մոտ Հ. նկատվում է նաև հղիության ընթացքում: Միզապարկի հիվանդությունների ժամանակ լինում են դեպքեր, երբ յուրաքանչյուր 1 ժամում միզարձակումը կատարվում է 10–15 անգամ: Հ. երբեմն զուգակցվում է միզարձակման հրամայական մղման հետ, որի դեպքում հիվանդն ի վիճակի չէ պահել մեզը (տես Անմիզապահություն): Հ. առավելապես զարգանում է շատամիզությամբ (պոլիուրիա) ուղեկցվող բոլոր հիվանդությունների, մասնավորապես` երիկամների կարծրացման (նեֆրոսկլերոզ), շաքարային և անշաքար միզահյուծության (դիաբետ) դեպքում և այտուցներն իջնելու շրջանում:
Բուժումը. հիմնական հիվանդության վերացում:
