Jump to content

ՀՍՀ/ՀԱՃԸՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՃԸՆ, Հարգան, Աչե, քաղաք Լեռնային Կիլիկիայում, այժմ` Թուրքիայի Ադանա վիլայեթի հյուսիսային մասում, Սարոս գետի Գյոկսու վտակից 10 կմ արեմուտք, եռանկյունաձև բլրի վրա: Հ. հնագույն բնակավայր է: Պահպանվել են հռոմեական բերդի (մ. թ. ա. I դ.) ավերակները: Սկզբում եղել է Հռոմեական, ապա` Բյուզանդական կայսրությունների, XII – XIV դդ.` Կիլիկիայի հայկական պետության կազմում: Ենթադրում են, որ Հ. անունը առաջացել է նրա մոտ գտնվող նախկին Հարգան քաղաքի և Աչե գյուղի անունների աղավաղումից: Որոշ ուսումնասիրողներ Հարգանը և Հ. նույնացնում են: Ըստ Ալիշանի, Հարգանը և Հ. տարբեր քաղաքներ են: Հ–ում հայերը բնակվել են վաղ ժամանակներից: XI դ. նրանք հիմնադրել են Ս. Հակոբի վանքը, որն այժմ կանգուն է: Հ–ում մեծ թվով հայեր բնակություն են հաստատել Կիլիկիայի հայկական պետության անկումից (1375) հետո: XV դ. Հ–ին տիրել են օսմանյան թուրքերը: 1915–ին Հ. ուներ 35 հզ. բնակիչ` մոտ 25–30 հզ. հայ, մնացածը` թուրք: Վերջիններս ապրում էին քաղաքի արվարձաններում, նրանցից շատերը խոսում էին աղավաղված հայերենով: Հայերը հիմնականում զբաղվում էին առևտրով և արհեստներով: Հ–ի հայերն ունեին վեց եկեղեցի, ամենահինը Ս. Աստվածածինն էր (XV ղ.), քաղաքից դուրս գործում էր Ս. Հակոբի վանքը` իր գիշերօթիկ վարժարանով: Բոլոր եկեղեցիներին կից գործում էին վարժարաններ, նշանավոր էր Սահակ–Մեսրոպյանը: 1915–ի Մեծ եղեռնի ժամանակ Հ–ի հայերը տեղահանվեցին և տարագրվեցին Դեյր Էզ–Զորի շրջանը, որտեղ նրանց մեծ մասը զոհվեց: Թուրքիայի պարտությունից (1918) հետո Անտանտի համաձայնությամբ Հ. հանձնվեց Ֆրանսիային: 1919–ին Դեյր Էզ–Զորի սպանդանոցից փրկված մոտ 6–8 հզ. հաճընցիներ վերադարձան և բնակություն հաստատեցին հայրենի քաղաքում: Նրանք վերականգնեցին ավերված ու հրդեհված քաղաքը, ուր կանգուն էր մնացել միայն Սահակ–Մեսրոպյան վարժարանի շենքը: Բացվեցին նոր դպրոցներ, որբանոցներ և արհեստանոցներ: Սակայն ֆրանսիական կառավարությունը, գաղտնի բանակցությունների մեջ մտնելով քեմալականների հետ, ամբողջ Կիլիկիան, այդ թվում Հ., հանձնեց Թուրքիային: 1920–ի մարտին Հ. շրջապատվեց քեմալական զորքերով և կտրվեց արտաքին աշխարհից: Չստանալով ֆրանսիացիներից ակնկալած օգնությունը` հաճընցիները դիմեցին ինքնապաշտպանության, սակայն ուժերը անհավասար էին: 1920–ի հոկտ. 15–ին թուրքերը ներխուժեցին քաղաք և կոտորեցին անզեն բնակիչներին (տես Հաճընի հերոսամարտ 1920): Կոտորածը կազմակերպող Ալի Սայիպ բեյի պատվին թուրքերը Հ. վերանվանել են Սայիմբեյլի: Վերջին աղետից փրկված հայերը տարագրվեցին տարբեր երկրներ, այդ թվում նաև Սովետական Հայաստան: Ընդառաջելով հաճընցիների ցանկությանը` Սովետական Հայաստանի կառավարությունը 1958–ին Աբովյանի շրջանում հիմնադրեց Նոր Հաճըն քաղաքատիպ ավանը:

Գրկ. Պողոսյան Հ. Պ., Հաճընի ընդհանուր պատմությունը, Լոս Անջելես, 1942: Ծոցիկյան Ս. Ս., Արևմտահայ աշխարհ, Նյու Ցորք, 1947: Թերզյան Ս. Հ., Հաճընի ութամսյա դյուցազնամարտը, Բուենոս Այրես, 1956: Սահակյան Ռ. Գ., Թուրք–ֆոանսհական հարաբերությունները և Կիլիկիան 1919 – 1921 թթ., Ե., 1970: