Jump to content

ՀՍՀ/ՀԱՄԱԶԱՍՊ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՄԱԶԱՍՊ Մամիկոնյան (ծն. թ. անհտ. – 661), Հայոց իշխան 654–ից: Բյուզանդ. և արաբ. նվաճողների դեմ Հայաստանի ինքնուրույնության համար պայքարում գործակցել է աներոջը` Թեոդորոս Ռշտունուն: 654–ին, երբ հիվանդության պատճառով Թեոդորոս Ռշտունին առժամանակ առանձնացել է Աղթամարում, և Հայաստանում սրվել է պայքարը արաբ. և բյուզանդ. կողմնորոշում ունեցող հայ նախարարների միջև, Հ. գումարել է նախարարական ժողով և հասել փոխհամաձայնության (երկիրը բաժանվել է նախարարների միջև` ըստ յուրաքանչյուրի ռազմ. հզորության): Հ. Փաստորեն դարձել է Հայոց իշխան և 654–ի վերջին սկսված արաբ. նոր արշավանքի ժամանակ բռնել չեզոք դիրք (չի մասնակցել Հաբիբ իբն Մասլամայի և բյուզանդ. զորավար Մավրիանոսի միջև մղվող մարտերին): 656–ին, օգտվելով արաբական խալիֆայությունում բռնկված գահակալական կռիվներից, Հ. դաշնակցել է Բյուզանդիային և թոթափել արաբ. գերիշխանությունը: Նույն թվականին նախարարների ժողովը Հ–ին պաշտոնապես ընտրել է Հայոց իշխան, իսկ բյուզանդ. Կոստաս II կայսրը շնորհել է կյուրապաղատի կոչում, նվիրել արծաթյա գահ և զորքերը հանել Հայաստանից: Հ. Հայոց իշխանի գահի շուրջը միավորել է հայկ. հողերը, միայն Չորրորդ Հայքի մի հատվածն է մնացել արաբների ձեռքում: Հայ–արաբական սահմանն անցել է Հայկական Տավրոսի հվ–ով: 661–ին վերսկսված արաբա–բյուզանդական պատերազմների ժամանակ Հ., ճիշտ գնահատելով փոխված կացությունը, կրկին ընդունել է արաբ. գերիշխանությունը և Հայաստանը զերծ պահել ավերիչ արշավանքից: Հ–ի մահից հետո Հայոց իշխանի գահն անցել է եղբորը` Գրիգոր Մամիկոնյանին:

Գրկ. Սեբեոս, Պատմութիւն, Ե., 1939: Тер–Гевондян А. Н., Армения и Арабский халифат, Е., 1977. Վ. Գրիգորյան