ՀՍՀ/ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ–ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐ
ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ–ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐ, հայ իշխանական տոհմ XI – XVII դարերում: Սերում են Մամիկոնյաններից: Տոհմանունն առաջացել է Համազասպ մարզպանի (XI դ. վերջ– XII դ. սկիզբ) անունից: Հ–Մ–ի իշխանանիստն էր Տաշիր գավառի Դսեղ գյուղը: Տիրույթներից էին նաև Մարց, Քարինջ, Մշարդ, Աղեգի գյուղերը: Հ–Մ. խոշոր դեր են խաղացել Զաքարյանների իշխանությունում, մասնակցել Իվանե Ա–ի և Զաքարե Բ Մեծի ազատագրական պատերազմներին: Այս կռիվներին մասնակցող զորավարներից է եղել Սարգիս Համազասպյանը (զոհվել է 1201–ին, հավանաբար Բջնիի ազատագրման մարտում): Նրա որդի Համազասպը Զաքարյանների իշխանության մանդատուրթուխուցեսն էր: XIII դ. առաջին կեսի պետ. գործիչ էր Մարծպանը, որը ծավալել է նաև շինարարական աշխատանքներ (տես Բարձրաքաշ Ս. Գրիգոր վանք): Նրա որդի Համազասպը եղել է Հաղբատի վանքի առաջնորդը (XIII դ. կես), կառուցել վանքի ժամատուն–գավիթը, զանգակատունը ևն: Հովհանավանքի առաջնորդներ են եղել Համազասպ եպիսկոպոսը (1274–1300) և Ներսեսը (XIV դ. սկիզբ): Հ–Մ. խնամիական կապեր են ունեցել մի շարք հայ իշխանական տների (Զաքարյաններ, Վաչուտյաններ, Օրբելյաններ ևն) հետ: Ունեցել են նաև ճյուղավորումներ: XII դ. վերջին Համազասպ մարզպանի թոռ Հասանը տեղափոխվել է Խաչեն և այնտեղ ստեղծել իր փոքր իշխանությունը, մարզպան Համազասպյանի որդի Գրիգորը հիմնվել է (XIII դ. կես) Ուրծ (Ուրծաձոր) գավառում (Վեդի գետի վերին հոսանք): Գրիգորի և նրա որդի Մամիկոնի իշխանության տարիներին նրանց տիրույթների մեջ են մտել Մանկուս, Ջշին գյոլ և այլ գյուղեր: Հավանաբար Հ–Մ–ից է XVII դ. կեսին հիշատակված Բայանդուրը, որը հիշվել է նաև «Թումանեցի» անունով (այստեղից պետք է ենթադրել, որ Դսեղի Թումանյանները նույնպես սերել են Հ–Մ–ից):
Գրկ. Սարգսյան Գ., Բարձրաքաշ վանքը և նրա վիմագրությունը, «Էջմիածին»,1951, 7–12: Եղիազարյան Հ., Ալավերդու շրջանի կուլտուրայի հուշարձանները, Ե., 1952: Գ. Սարգսյան
