Jump to content

ՀՍՀ/ՀԱՄԱԼԻՐ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՄԱԼԻՐ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ժողովրդատնտեսական առումով` գյուղատնտեսության նյութատեխնիկական մատակարարումը, գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը, փոխադրումը, վերամշակումն ու իրացումը իրականացնող էկոնոմիկայի ճյուղերի ամբողջություն: Ընդգրկում է երեք հիմնական օղակ: Առաջինը ներառնում է գյուղատնտեսությանը մեքենաներ, գործիքներ, թունաքիմիկատներ, շինանյութ, պարարտանյութ, կեր և արդ. այլ ապրանքներ մատակարարող ճյուղերը (գյուղատնտ. մեքենաշինություն, քիմ., շինանյութերի արդյունաբերություն ևն): Դրանց աշխատանքը տեխնոլոգիապես նախորդում է գյուղատնտ. արտադրության պրոցեսին: Երկրորդ օղակը գյուղատնտեսությունն է, բուսաբուծության և անասնապահության կազմակերպումը, երրորդը ներառնում է գյուղատնտ. հումք վերամշակող արդյունաբերությունը (թեթև և սննդի), նաև տրանսպորտն ու առևտուրը, որոնց հիմնական խնդիրը պատրաստի արտադրանքի մթերումը, փոխադրումն ու իրացումն է: Վերջին օղակը տեխնոլոգիապես և տնտեսապես եզրափակում է գյուղատնտ. արտադրության պրոցեսը: Հ. ա–ի օղակների տնտ. ինտեգրացումը (ամբողջացումը) գիտատեխնիկական առաջընթացի արագացման և աշխատանքի հասարակական բաժանման խորացման արդյունք է: Մի կողմից, գյուղատնտեսությունից անջատվում և արդյունաբերությանն են փոխանցվում գյուղատնտ. ավանդական պրոցեսներ (արտադրանքի վերամշակում, պահպանում), որով ավելի է մեծանում նրա ընդհանուր արդյունքի ապրանքային մասը, մյուս կողմից, զուգահեռաբար, գյուղատնտեսության ինդուստրացման և ինտենսիվացման շնորհիվ ուժեղանում է այդ ճյուղի կախվածությունը արդյունաբերությունից: Հետևաբար, ընդլայնվում են գյուղատնտեսության միջճյուղային կապերը, ակտիվանում Հ. ա–ի բոլոր օղակների փոխազդեցությունը: Կարևոր է նաև գյուղատնտեսության ու Հ. ա–ի մյուս ճյուղերի, ամենից առաջ արդյունաբերության միջև որոշակի համամասնությունների ստեղծումն ու զարգացումը: ՍՍՀՄ ժողտնտեսության մեջ Հ. ա–ի բոլոր ճյուղերում 1975–ին զբաղված էր մոտ 46 մլն մարդ, որոնց 63,6–ը` գյուղատնտեսության, 5,7–ը` մատակարարող, իսկ 30,7 –ը` վերամշակող արդյունաբերության մեջ, տրանսպորտում և կապում: Համալիրների գործունեության արգասիք էին ազգային եկամտի սպառման ֆոնդի մոտ 75, մանրածախ ապրանքաշրջանառության ծավալի 66–ը: Հ. ա., ճյուղային առումով, տեխնոլոգիական և տնտ. կապերի ձև է, որի միջոցով կազմակերպվում է արդ. հիմունքներով գյուղատնտ. առանձին արտադրատեսակների թողարկումը: Այս ձևով մասնավորապես, կազմակերպվում են անասնապահական (խոզաբուծական, թռչնաբուծական) մասնագիտացված համալիրներ: Հ. ա–ի ստեղծմամբ բարձրանում է սպառման ապրանքների արտադրությանն ու բաշխմանը մասնակցող ճյուղերի գործունեության տնտ. արդյունավետությունը, արտադրության շահութաբերությունը, ընդլայնվում արտադրանքի տեսականին, կրճատվում արտադրության սեզոնայնությունը: Մոցիալիստական մյուս երկրներում (Հունգարիա, ԳԴՀ, Լեհաստան, Չեխոսլովակիա) Հ. ա. կազմակերպվում է ճյուղային և տերիտորիալ ագրոարդյունաբերական միավորումներ ստեղծելու ուղիով: Զարգացած կապիտալիստական երկրներում (ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա, ԳՖՀ) «ագրոբիզնեսի» բոլոր օղակներում ընդգրկված է զբաղված բնակչության 15– 30–ը: ՀՍՍՀ–ում ագրոարդյունաբերական ձեռնարկությունները որոշակի զարգացում են ստացել խաղողագործության–գինեգործության (Հոկտեմբերյանի շրջ. Մյասնիկյանի անվ., Նոյեմբերյանի «Լալվար», Թալինի շրջ. Արտենիի և այլ սովխոզ–գործարաններ, նաև եթերայուղի արտադրության (Հոկտեմբերյանի Նոր Կեսարիայի սովխոզ–գործարան) բնագավառներում: Հայկ. ՍՍՀ 1972–ի միջճյուղային հաշվեկշռի տվյալներով, նրա հասարակական ամբողջական արդյունքի 33,1, արդյունաբերության և գյուղատնտեսության համախառն արտադրանքի մոտ 39–ը արտադրվում է Հ. ա–ի օղակներում: Այդ արտադրանքի ընդհանուր ծավալի մոտ 4 5–ը պարենամթերք է: Հ. ա–ի բոլոր ճյուղերում վերջինի արտադրությամբ տարեկան զբաղված է 290 հզ. աշխատող, որոնց 69,6 –ը` գյուղատնտեսության, 19,6 –ը` արդյունաբերության ու շինարարության մեջ, 10,8–ը` տրանսպորտում, առևտրում և նյութատեխնիկական մատակարարման մեջ: Գիտատեխնիկական առաջընթացի, ագրոարդյունաբերական ինտեգրացման պրոցեսների հետագա խորացման հետևանքով գյուղատնտեսության մեջ զբաղվածների թիվը կրճատվում, իսկ Հ. ա–ի մյուս օղակներում աշխատողներինը մեծանում է:

Ն. Մանասերյան