Jump to content

ՀՍՀ/ՀԱՄԱԽԱՐԲԵՐԴՑԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՄԱԽԱՐԲԵՐԴՑԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, խարբերդցիների հայրենակցական միություն: Հիմնվել է 1926–ին` դեռևս 1880–ական թթ. վերջից Բոստոնում (ԱՄՆ) գործող Խարբերդի, Հյուսեյնիկի, Քեսիրիկի, Բազմաշենի և այլ կրթասիրաց ու ուսումնասիրաց ընկերությունների և «Եփրատ» սանուց միության միավորումով: Նպատակն էր Սովետական Հայաստանում հիմնել Նոր Խարբերդ անունով ավան: Այդ խնդրանքով Հ. մ. դիմեց Սովետական Հայաստանի կառավարությանը, որը 1928–ի մարտի 21–ի որոշմամբ 1091 հա հողատարածություն հատկացրեց Նոր Խարբերդ ավանի համար: Այդտեղ բնակություն հաստատելու համար խարբերդցիներ ներգաղթեցին Հունաստանից (1932–ին), Ֆրանսիայից (1936–ին), Սիրիայից, Լիբանանից, Ռումինիայից, Բուլղարիայից: Հ. մ. ակտիվորեն մասնակցում է համագաղութային հայրենասիրական միջոցառումներին, սերտ կապի մեջ է Նոր Խարբերդի հետ: Հ. մ–յան կենտրոնը Բոստոնում է, մասնաճյուղեր ունի ԱՄՆ–ի, Մեքսիկայի, Արգենտինայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Սիրիայի, Լիբանանի քաղաքներում: Հրատարակել է Խարբերդ և անոր ոսկեղեն դաշտը» (հեղ. Վահե Հայկ) պատմական, մշակութային և ազգագրական հուշամատյանը:

Պ. Մարտիրոսյան