Jump to content

ՀՍՀ/ՀԱՄԱԿԱՐԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՄԱԿԱՐԳ, լայն առումով` փոխկապակցված տարրերի բազմություն, որը կազմում է որոշակի ամբողջություն: Հ–ի ելակետային բնութագրիչներն են տարրերը (այս կամ այն եղանակով տվյալ օբյեկտից վերացարկված ու տվյալ առումով վերջնային միավորներ) և այդ տարրերի կապակցության եղանակը (կապերը, հարաբերությունները, օրինաչափությունը): Հ–ի կարևորագույն առանձնահատկությունն ամբողջականությունն է, որը կարող է բնութագրվել տարաբնույթ և բազմաստիճան (հիերարխիական) կապերով և հարաբերություններով (տես Մաս և ամբողջ): Կախված այդ բնութագրիչների կոնկրետ բովանդակությունից կազմվում է Հ–երի որոշակի դաս: Այսպես, այդ բնութագրիչների առարկայական բովանդակության դեպքում գործ ունենք նյութական Հ–երի, իմաստաբանական առումով գործածելիս` գիտական գիտելիքի Հ–երի (իմացաբանական Հ–եր) հետ: Ընդհանուր առմամբ ցանկացած օբյեկտ (ֆիզիկական, կենսաբանական, հասարակական, գաղափարական) կարելի է ներկայացնել որպես Հ., որքանով այդ օբյեկտը միմյանց հետ փոխկապակցված առանձին մասերի ամբողջություն է: Պատմականորեն Հ–ի գաղափարը ծագել է կենսաբանական և հասարակական ամբողջությունների ուսումնասիրություններից և ապա տարածվել այլ տիպի օբյեկտների վրա: Արդի իմաստով Հ–ի հետազոտության մեթոդաբանական ակունքները Կ. Մարքսի և Չ. Դարվինի ուսմունքներն են, ուր գիտականորեն ուսումնասիրվել են բարդ օբյեկտներ` հասարակությունը, կենսաբանական էվոլյուցիան: XIX– XX դդ. սահմանագծին Հ–ի գաղափարը մուտք է գործել գիտության տարբեր բաժիններ (լեզվաբանության ոլորտում, որով հիմք դրվեց ստրուկտուրալիզմին, մաթեմատիկայի մեջ` բազմությունների տեսությունը ևն): XX դ. կեսից Հ. դառնում է տնտեսագիտության, մանկավարժության և այլ գիտությունների հետազոտության առարկա: Հ. կիբեռնետիկայի մեթոդաբանական հիմքերից է: Հ. հասկացությունը այնուհետև ներմուծվում է տեխնիկայում, հատկապես բարդ Հ–եր նախագծելիս, ստեղծելիս, շահագործելիս (կապի կառավարման Հ., տիեզերական սարքերի Հ. ևն): Հ–ի նկատմամբ հետաքրքրությունը աճել է հատկապես 50–ական թթ.` Լ. ֆոն Բերտալանֆիի «Հ–երի ընդհանուր տեսության» ստեղծումից հետո: Հ–ի, որպես տարրերի որոշակիորեն կազմակերպված ամբողջության, կարևորագույն հատկանիշը նրա կարգավորվածությունն է, որը ներքին առումով բնութագրվում է նրա որոշակի կառուցվածքով և կազմակերպվածությամբ, իսկ արտաքին հարաբերությունների առումով` նրա վարքագծի որոշակի ուղղվածությամբ: Բարդ կազմակերպված Հ–երին (բնական, տեխնիկական, հասարակական) հատուկ է կառավարման պրոցեսների առկայությունը, որը ապահովում է Հ–ի վարքի ինքնավարությունը: Հ–ի առավել բարդ տիպերից են ինքնակազմակերպվող Հ–երը, որոնք ունակ են արտաքին կամ ներքին պայմանների փոփոխության դեպքում պահպանել կամ կատարելագործել իրենց կազմակերպվածությունը: Հ–երի լայն կիրառումը պահանջեց մշակել Հ–երի մաթեմատիկական ապարատը: Այդպիսի ապարատ կառուցվում են բազմությունների տեսության, մաթեմատիկական տրամաբանության, կիբեռնետիկայի և գիտության այլ ճյուղերի լեզվի միջոցով: Այս մոտեցումը հնարավորություն է ընձեռում կենդանի ինքնակազմակերպվող Հ–երի նմանակցությամբ մոդելավորել արհեստական ինքնակազմակերպվող Հ–եր:

Գրկ. Украинцев Б. С., Самоуправляемые системы и причинность, М., 1972 Садовский В. Н., Основания общей теории систем, М., 1974 Системные исследования. Ежегодник, М., 1969–1978 Системный анализ и научное знание (сб. статей), М., 1978. Տես նաև Համակարգային մոտեցում հոդվածի գրկ.: Վ. Պողոսյան