Jump to content

ՀՍՀ/ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ, գիտական հետազոտության մեթոդաբանության ուղղություն (և համապատասխանաբար` զանազան խնդիրների լուծման ու գործունեության եղանակ), որն ուսումնասիրության առարկան դիտում է որպես համակարգ: Հ. մ. հնարավորություն է ընձեռում միասնական տեսական պատկերի մեջ ներկայացնելու առարկան որպես ամբողջականություն` իր ներքին բարդ կառուցվածքով, համակողմանի կապակցություններով, այդ ամբողջականությունն ապահովող մեխանիզմներով: Պատմականորեն Հ. մ. (ավելի ճիշտ` համակարգային պատկերացումները) վերաբերել են միայն կենդանի օրգանիզմներին` նկատի ունենալով դրանց ներքին բարդ, բազմաբնույթ կառուցվածքը, ամբողջականությունն ու կայունությունը: Մինչդեռ նոր ժամանակի բնագիտության մեջ ընդհանուր գերակշռող միտումը եղել է բարդ երևույթների հանգեցումը պարզ տարրերի և բացատրումը մեկ սկզբունքով, ըստ էության` մեխանիկական տեսությամբ: XIX դ. գիտության մեջ երևան են գալիս Հ. մ–ման առաջին օրինակները` Կ. Մարքսի և Չ. Դարվինի ուսմունքները: XX դ. մարդկության հասարակական, տնտ., տեխ. գործունեությունը հանդիպում է բարդ ու համապարփակ երևույթների, որոնց վերաբերող խնդիրների լուծումը և, համապատասխանաբար, գործունեության կազմակերպումը պահանջում են Հ. մ.: Այդպիսիք են տեխ. բարդ համակարգերը, բնական ռեսուրսների օգտագործման և բնության վերափիոխման համալիր ծրագրերը, տիեզերական հետազոտությունների ծրագրերը, հասարակական կյանքի կազմակերպումն ազգային և միջազգային մասշտաբներով, տնտեսության կառավարման և հասարակական զարգացման փոխհամաձայնեցված ծրագրերի մշակումը ևն: Աշխարհի գիտական պատկերի միասնությունն այլևս չի ըմբռնվում որպես առանձին տեսությունները մեկ ընդհանրական տեսության հանգեցնելու պահանջ: Գերակշռում է լրացումայնության տեսակետը` որպես տարբեր և տարաբնույթ տեսությունների ու մոդելների ինտեգրացման նոր ձև, գիտակցվում են հումանիտար և բնական գիտությունների մերձեցման անհրաժեշտությունը, և առհասարակ մարդկային հոգևոր մշակույթի միասնականությունը: Այս ամենն անդրադարձ ազդեցություն է գործում Հ. մ–ման մեթոդաբանության մշակման վրա: 1940–ական թթ. Լ. Բերտալանֆին առաջադրում է համակարգերի ընդհանուր տեսություն ստեղծելու ծրագիր: Հետագա տասնամյակներում Հ. մ. սերտորեն շաղկապվում է կիբեռնետիկայի գաղափարների ու մեթոդների հետ: Հ. մ. մնում է որպես ընդհանուր տեսական, մեթոդաբանական ուղղություն, բայց նրա ըմբռնումների հիման վրա մշակվում են ավելի կոնկրետ գիտական բնագավառներ` համակարգային վերլուծությունը և բարդ համակարգերի տեսությունը: Համակարգային վերլուծությունը կամ համակարգակառուցվածքային վերլուծությունը հարմարեցված է կառավարման խնդիրներին, այն զբաղվում է հասարակական, տնտ., ռազմ., գիտա–տեխ. բարդ խնդիրների համակողմանի վերլուծությամբ և բոլոր հնարավոր այլընտրանքների գնահատմամբ` կառավարման և գործունեության համար որոշումներ կայացնելու նպատակով: Համակարգային վերլուծության հիմնական միջոցը մոդելավորումն է: Ավելի ճշգրիտ են որոշված բարդ համակարգերի տեսության եղանակներն ու առարկան: Այստեղ հետազոտության հիմնական մեթոդը մաթեմատիկական մոդելավորումն է, որի դեպքում ձևայնացվում են հետազոտվող բարդ համակարգերի «կենսագործունեության» պրոցեսները, դրանք ներկայացվում են որպես ճշգրիտ սահմանված պատահարների ու գործունեությունների հաջորդականություն: Առանձնահատուկ տեղ ունի համակարգերի «կենսագործունեության» նմանակումը էլեկտրոնային հաշվիչ մեքենաներով: Վերջապես, բարդ համակարգերի տեսության հիման վրա գոյացել է համակարգատեխնիկա (սիստեմատեխնիկա) գիտատեխ. բնագավառը, որի առարկան բարդ համակարգերի նախագծումը, ստեղծումը, փորձարկումն ու շահագործումն է:

Գրկ. Г y д Г. Х., Макол Р. Э., Системотехника. Введение в проектирование больших систем, М., пер. с англ., 1962 Исследования по общей теории систем. Сб., М., 1969 Справочник по системотехнике, М., 1970 Калман Р., Фалб П., Арбиб М., Очерки по математической теории систем, пер. с англ., М., 1971 Бусленко Н. П., Калашников В. В., Коваленко И. Н., Лекции по теории сложных систем, М., 1973 Блауберг И. В., Юдин Э. Г., Становление и сущность системного подхода, М., 1973 Директор С, Рорер Р., Введение в теорию систем, пер. с англ., М., 1974 General Systems Theory, v. 1–20, N. Y., 1936–1975 Bertalanffy L. fon, General Systems Theory, 2–nd Ed., N. Y., 1969. Հ. Գևորգյան