ՀՍՀ/ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԻՃԱԿ
ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԻՃԱԿ ֆիզիկայում, որոշվում է տվյալ համակարգի համար բնութագրական ֆիզիկական պայմաններով: Ֆիզիկական համակարգը կարող է ունենալ շատ հատկանիշներ և դրանց համապատասխան մեծություններ, որոնց միջև կան որոշակի կապեր: Անկախ մեծությունների (վիճակի պարամետրերի) համախումբը, որով որոշվում են մնացած բոլոր մեծությունները, կոչվում է ֆիզիկական մեծությունների լրիվ հավաքածու: Հ. վ. որոշվում է մեծությունների լրիվ հավաքածուով: Վիճակը ժամանակի ընթացքում փոփոխվում է պատճառականորեն: Բնության մեջ գոյություն չունի վիճակի համընդհանուր հասկացություն: Երևույթների տարբեր բնագավառներում այն ունի յուրահատուկ բովանդակություն և ձև: Մեխանիկայում Հ. վ. որոշվում է մասնիկների կոորդինատներով և արագություններով (իմպուլսներով): Քվանտային մեխանիկայում Հ. վ. որոշվում է երկու անգամ պակաս թվով մեծություններով: Օրինակ, մի մասնիկի դեպքում` միայն կոորդինատներով կամ միայն իմպուլսներով և կամ ուրիշ երեք համատեղելի մեծություններով: Թերմոդինամիկայում և վիճակագրական ֆիգիկայում Հ. վ. որոշվում է ջերմաստիճանով, ծավալով և զանգվածով (մասնիկների թվով) կամ երեք այլ անկախ մեծություններով, եթե միաբաղադրիչ համասեռ համակարգ է: Էլեկտրամագնիսական երևույթներում Հ. վ. որոշվում է էլեկտրական ու մագնիսական դաշտերի լարվածություններով և միջավայրի հատկությունները բնութագրող պարամետրերով (դիէլեկտրիկ թափանցելիություն, մագնիսական թափանցելիություն, էլեկտրահաղորդականություն):
Գ. Սահակյան
