ՀՍՀ/ՀԱՄԱՃԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՃԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, էպիդեմիոլոգիա (համաճարակ և …լոգիա), գիտություն, մարդկային հասարակության մեջ վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառների և տարածման օբյեկտիվ օրինաչափությունների մասին. մշակում է նաև համաճարակների դեմ պայքարի և դրանց վերացման միջոցառումներ: Հ–յան ուսումնասիրությունների հիմքում ընկած են հետևյալ տեսական պրոբլեմները, վարակի աղբյուրը (համաճարակային պրոցեսի առաջին օղակ), վարակի փոխանցման մեխանիզմը (երկրորդ օղակ), մարդկանց ընկալությունը (երրորդ օղակ), ինչպես նաև վարակիչ հիվանդությունների համաճարակների տարածման օրինաչափությունները, տարբեր համաճարակների բնութագիրը (կախված հարուցիչի տիպից), տրանսմիսիվ հիվանդությունների բնական օջախայնությունը ևն: Հ. սերտ առնչվում է մանրէաբանության, իմունոլոգիայի, վարակիչ հիվանդությունների կլինիկայի, պարազիտոլոգիայի և հիգիենայի հետ: Համաճարակային պրոցեսի ուսումնասիրության ընթացքում կիրառում են հետազոտության կոմպլեքս միջոցառումներ, օջախի համաճարակագիտական հետազոտություն, համաճարակագիտական անալիզ` վիճակագրական անալիզի հետ մեկտեղ, դիտողական–նկարագրական և փորձառական մեթոդներ (մանրէաբանական, իմունոլոգիական, պարազիտոլոգիական, էնտոմոլոգիական, քիմ. և այլ հետազոտություններ): Հ. մարդկությանը հայտնի է շատ վաղուց, ծագել է 2–3 հզ. տարի մ. թ. ա., Ասորեստանում և Բաբելոնում: Զարգացել է XIX դարից սկսած, վարակիչ մի շարք հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման շնորհիվ: Հ–յան և դրան հարակից գիտությունների զարգացման ասպարեզում զգալի ավանդ ունեն ռուս գիտնականներ Ի. Ի. Մեչնիկովը, Դ. Ի. Իվանովսկին, Դ. Կ. Զաբոլոտնին, Լ. Վ. Գրոմաշևսկին, Ե. Ն. Պավլովսկին, հայ գիտնականներից` Ա. Բ. Ալեքսանյանը, Ք. Ն. Փիրումովը, Ե. Վ. Քալանթարյանը, Վ. Գ. Միքայելյանը, Գ. Ս. Պապովյանը, Վ. Ա. Ալեքսանյանը, Կ. Մ. Դեղձունյանը և ուրիշներ: ՀՍՍՀ–ում Հ–յան հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում են համաճարակագիտության, վիրուսաբանության և բժշկական պարազիտաբանության ինստիտուտում, Երևանի բժշկական ինստ–ի Հ–յան, մանրէաբանության, հիգիենայի, կոմունալ հիգիենայի, սննդի հիգիենայի և բժիշկների կատարելագործման ինստ–ի Հ–յան ամբիոններում:
Գ. Ղուկասյան
