ՀՍՀ/ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, հասարակական ամբողջական արդյունքի, դրա բաղկացուցիչ մասերի, արտադրության մեջ օգտագործվող ռեսուրսների (հիմնական և շրջանառու արտադրական ֆոնդերի, աշխատանքային ու բնական ռեսուրսների), նաև վերարտադրության առանձին փուլերի` արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման քանակական հարաբերակցություններ: Կապիտալիզմի ժամանակ դրանք ձևավորվում են արտադրության անարխիայի, մրցակցության պայմաններում, շահույթի ստացման պահանջներին համապատասխան: Արտադրության հասարակական բնույթի և մասնավոր–կապիտալիստական յուրացման միջև հակասության պատճառով բուրժ. հասարակարգն ամբողջ էկոնոմիկայի մասշտաբով արտադրության համամասն զարգացում ապահովել չի կարող, իսկ կապիտալիստական ծրագրավորումը չի փոխում Հ. հ. ա–ի առաջացման տարերային բնույթը: Հ. հ. ա. մշտապես և գիտակցված պահպանումը սոցիալիզմի կարևոր առավելություններից է, ապահովում է ժողտնտեսության բոլոր ճյուղերի և բնագավառների զարգացման փոխադարձ կապն ու պայմանավորվածությունը, բացառում հասարակական աշխատանքի կորուստները (տես Ժողովրդական տնտեսության պլանաչափ համամասն զարգացման օրենք): Դրա նախադրյալը արտադրամիջոցների հասարակական սեփականությունն է, էկոնոմիկայի զարգացումը ժողովրդի շահերին համապատասխան: Հ. հ. ա. համակարգը ներառնում է` ա. վերարտադրական, ժողովրդատնտեսական համամասնությունները, արտադրական և ոչ արտադրական ոլորտների, արտադրության միջոցների արտադրության և սպառման առարկաների արտադրության (հասարակական արտադրության I և II ստորաբաժանումներ) միջև, համախառն հասարակական արդյունքում` նյութական ծախսերի փոխհատուցման ֆոնդի և ազգային եկամտի, ազգային եկամտում` սպառման ֆոնդի և կուտակման ֆոնդի միջև. բ. ճյուղային համամասնությունները, նյութական արտադրության (արդյունաբերության, գյուղատնտեսության ևն) ու ոչ արտադրական ոլորտի (լուսավորության, առողջապահության ևն) առանձին ճյուղերի միջև. գ. ներճյուղային համամասնությունները. վառելանյութի արդյունաբերության մեջ` ածխի, նավթի և գազի արտադրության միջև, գյուղատնտեսության մեջ` բուսաբուծության և անասնապահության տարբեր ճյուղերի միջև ևն. դ. Տերիտորիալ համամասնությունները, մասնագիտացված առանձին շրջանների միջև (տես Աշխատանքի բաժանում, Արտադրողական ուժերի տեղաբաշխում), և Ներարտադրական համամասնությունները, ապրանքների և ծառայությունների ներմուծման և արտահանման միջև (տես Աշխատանքի միջազգային սոցիալիստական բաժանում), զ. արժեքային համամասնությունները, ձեռնարկությունների, ճյուղերի, պետության ու բնակչության եկամուտների ձևավորման և օգտագործման միջև: Հ. հ. ա. մշտապես զարգանում և կատարելագործվում են արտադրողական ուժերի ու երկրի էկոնոմիկայի առաջընթացի խնդիրներին համապատասխան, որն արտացոլվում է ժողտնտեսության հնգամյա պլաններում (տես Պլանավորում ժողովրդական տնտեսության): Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով սոցիալիստական հասարակարգում կարող են առաջանալ անհամամասնություններ, որոնք, սակայն, ժամանակավոր, մասնակի բնույթ ունեն և վերացվում են պլանաչափորեն:
Շ. Մարգարյան
