Jump to content

ՀՍՀ/ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԼԵՆԻՆՅԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԼԵՆԻՆՅԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՀամԼԿԵՄ անվանումը և նպատակը, հասարակության քաղաքական սիստեմում նրա դերը, ՍՄԿԿ հետ փոխհարաբերությունը, ՀամԼԿԵՄ անդամների պարտականությունները և իրավունքները, ներկոմերիտական կյանքի կազմակերպական սկզբունքները, նորմերը և պրակտիկ գործունեության մեթոդները որոշող ՀամԼԿԵՄ ներքին կյանքի հիմնական օրենք: Ընդունում է ՀամԼԿԵՄ համագումարը: Գործող կանոնադրությունը (ընդունել է ՀամԼԿԵՄ XIV համագումարը, 1962) սահմանում է, որ ՀամԼԿԵՄ «հասարակական կազմակերպություն է, որն իր շարքերում միավորում է սովետական առաջավոր երիտասարդության լայն զանգվածներին» (ՀամԼԿԵՄ կանոնադրությունը, Ե., 1977, էջ 3), որ կոմերիտմիությունը կուսակցության ակտիվ օգնականն է ու ռեզերվը և աշխատում է ՍՄԿԿ ղեկավարությամբ: Այն նշում է նաև ՀամԼԿԵՄ գլխավոր խնդիրները` պատանիներին ու աղջիկներին դաստիարակել մարքսիզմ–լենինիզմի գաղափարներով, հեղափոխական պայքարի հերոսական ավանդույթներով, պատրաստել կոմունիզմի կայուն, բարձրակիրթ, աշխատասեր երիտասարդ կառուցողներ: Կանոնադրությունում նշվում է, որ ՀամԼԿԵՄ անդամ կարող է լինել սովետական երկրի յուրաքանչյուր երիտասարդ, որն ընդունում է ՀամԼԿԵՄ կանոնադրությունը, ակտիվորեն մասնակցում է կոմունիզմի շինարարությանը, աշխատում է կոմերիտական կազմակերպություններից մեկում, կատարում է կոմերիտմիության որոշումները և մուծում է կոմերիտական անդամավճար: Կանոնադրությունը ՀամԼԿԵՄ անդամներից պահանջում է. լինել կոմունիստական շինարարության ծրագրի կենսագործման ակտիվ մարտիկներ, օրինակ ծառայել աշխատանքի և ուսման մեջ, անընդհատ կատարելագործել իրենց որակավորումը, խստորեն պահպանել աշխատանքային և պետ. կարգապահությունը, ամեն կերպ պահպանել ու բազմապատկել հասարակական սոցիալիստական սեփականությունը, համառորեն տիրապետել մարքս–լենինյան տեսությանը, ժամանակակից գիտության և տեխնիկայի նվաճումներին, վճռական պայքար մղել բուրժ. գաղափարախոսության բոլոր դրսևորումների դեմ, լինել հայրենասեր, ամրապնդել ՍՍՀՄ զինված ուժերի հզորությունը, պահպանել պետ. գաղտնիքները, բացահայտել աշխատանքում եղած թերությունները և հասնել դրանց վերացմանը: ՀամԼԿԵՄ անդամ ընդունում են անհատական կարգով: Կոմերիտմիության կազմակերպական կառուցվածքի ղեկավար սկզբունքն է դեմոկրատական ցենտրալիզմը: Կոմերիտական կազմակերպության բարձրագույն մարմինն է ընդհանուր ժողովը (սկզբնական կազմակերպության համար), կոնֆերանսը (շրջանային, քաղաքային, օկրուգային, մարզային, երկրամասային կազմակերպությունների համար), համագումարը (միութենական հանրապետությունների ԼԿԵՄ–ի և ՀամԼԿԵՄ–ի համար): Համագումարը հրավիրում է ԿԿ, չորս տարին մեկ անգամ: Համագումարն ընտրում է ՀամԼԿԵՄ ԿԿ և Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողով: Կոմերիտական կազմակերպությունները ստեղծվում են տերիտորիալ արտադրական սկզբունքով առնվազն ՀամԼԿԵՄ երեք անդամի առկայության դեպքում: 1918–ին կոմերիտմիության I համագումարը ընդունեց կոմերիտմիության ծրագրի և կանոնադրության հիմնական թեզիսները, ստեղծեց հանձնաժողով, որը մշակեց ծրագրի և կանոնադրության միասնական տեքստը: Հետագայում ՀամԼԿԵՄ համագումարները ընդունել են նոր կանոնադրություններ: ՀամԼԿԵՄ գործող կանոնադրության մեջ մասնակի փոփոխություններ են մտցվել ՀամԼԿԵՄ XV, XVII և XVIII համագումարներում: