ՀՍՀ/ՀԱՄԱՄՇԵՆ
ՀԱՄԱՄՇԵՆ, Համշեն, հայկական կիսանկախ իշխանություն, ապա հայաբնակ գավառակ Սև ծովի հվ–արլ. ափին, VIII դ. վերջին –XX դ. սկզբին: Հ–ի իշխանությունը հիմնել են Համամ և Շապուհ Ամատունի իշխանները 789–790–ին: Նրանք, արաբների հալածանքներից խուսափելով, Վասպուրականի Արտազ գավառից և մասամբ նաև Այրարատից 12 հզ. գաղթականներով տեղափոխվել և բնակություն են հաստատել բյուզանդական Խաղտիք (Խալդիա) բանակաթեմում: Բյուզանդիայի Կոստանդին VI կայսրից (780 – 789) ստացել են Տամբար բնակավայրը, որտեղ Համամ իշխանը հիմնել է Համամշեն կամ Համշեն ավանը, և այդ անունով էլ կոչվել է գավառակը: Հ–ի իշխանության և գավառակի սահմանները ժամանակի ընթացքում փոփոխվել են, բայց կորիզը կազմել են Հ. ավանը և Պոնտական լեռնաշղթայի Քաջքար լեռան հս. լանջերն ու շրջակա ձորերը: Մինչև XV դ. Հ–ի մասին պատմական տեղեկությունները շատ աղքատ են: XIII – XV դդ. Հ–ի իշխանությունը պահպանել է իր կիսանկախ գոյությունը Տրապիզոնի կայսրության և կարա–կոյունլաների տիրապետության տակ: Հ–ի իշխանները շատ հաճախ են հիշատակվում XV դ. (կոչվում էին պարոն): Նրանցից են` Առաքելը (XV դ. առաջին քառորդ), Դավիթ Ա (1425 – 1440), Վարդը (մոտ 1440–1460), Վեքեն` գերի է ընկել սեֆյան Հայդար շեյխին, Դավիթ Բ (1460 – 1489): Վերջինս պարտվել է օսմանյան թուրքերից, և դրանից հետո Հ–ի հայկական իշխանությունը դադարել է գոյություն ունենալուց: Հ–ում նշանակվել է թուրք կառավարիչ, բայց Հ–ի անմատչելի ձորերի հայ ձորապետները դեռ երկար ժամանակ պահպանել են ներքին ինքնավարությունը: Հ. ունեցել է իր եկեղեցական համայնքը` աղբյուրներում հիշատակվում են Ս. Խաչիկ հոր (Եղնովիտ գյուղի մոտ), Քոշտենց, Խուժկա վանքերը, որտեղ ընդօրինակվել են Մաշտոցներ, Շարակնոցներ, Բժշկարաններ, Ավետարաններ ևն: XIII դ. վերջին Հ. է այցելել Հեթում պատմիչը, իսկ 1406–ին` իսպանացի դիվանագետ Գոնսալես դե Կլավիխոն: XVIII դ. վերջին – XIX դ. սկզբին սկսվում է Հ–ի հայերի բռնի դավանափոխությունը` մահմեդականացումը: XVIII դ. վերջին և XIX դ. սկզբին Հ–ի գյուղերի բնակիչների մի մասը դեռ քրիստոնյա էր, իսկ մահմեդականացած հայերին կոչում էին «կեսկեսներ», որովհետև միաժամանակ օգտագործում էին և հայերեն, և թուրքերեն բառեր: «Կեսկես» հայերի եկեղեցիները մինչև XIX դ. վերջը կանգուն էին, բայց առանց սպասավորների: Ըստ Ղ. Ինճիճյանի, XVIII դ. վերջին Հ–ի գավառակի գյուղերն էին` Տափ, Քոշտենց, Եղնովիտ, Ամոգվա, Միծմուն, Ժանընտոց, Մոլեվինց, Ուսկուրտա, Շնիչվա, Գուշիվա, Որդնենց, Մակրևինց, Խապագ, Վիժե (Վերին և Ներքին) և Խալայ վիճակը: Դրանցից լրիվ դավանափոխված էին Համշեն ավանը, Խալան և Վիժեն: Եղնովիտը քրիստոնյա էր, իսկ մյուս բնակավայրերը (կրոնական առումով) ունեին խառը բնակչություն: XIX դ. Հ. Լազիստանի սանջակի գավառներից էր և ընդգրկում էր Աթինայի և Ռիզեի միջև` Քաջքար–Պարխար լեռնագագաթների ծովահայաց լանջերի ձորերը, որոնցից նշանավոր էին Բեյուկ դերեն, Ծիվար դերեն և Քսենոս դերեն: Գավառակի կառավարչի նստավայրը Ծիվար դերեի Օրթա քյոյ գյուղն էր: Ըստ անգլիացի հյուպատոս Վ. Ջ. Պալգրևի, 70–ական թթ. Հ. գավառակն ուներ 33 գյուղ` 13190 բնակչությամբ, բոլորը` հայախոս: Հ–ին վարչականորեն կից էին նաև հայաբնակ Ճեմիլ, Մարմանատ, Արտա բնակավայրերը և Խալայի վիճակը: Հ–ի գավառակի հայերը սակավահողության պայմաններում անտառներից մաքրած հողահանդակներում մշակում էին գարի, ցորեն, եգիպտացորեն, ծխախոտ, վաճառքի էին հանում շիմշատի ծառ, մեղր ևն: Զբաղվում էին նաև անասնապահությամբ, արհեստներով ու առևտրով: Մինչև XX դ. սկիզբը Հ–ի գավառակը պահպանեց իր կիսանկախ վիճակը` վճարելով թուրք. իշխանություններին որոշ հարկեր (անասնահարկ, գույքի, հողային, զինապարտություն ևն): Այնուհանդերձ սակավահողությունը և բռնի մահմեդականացումն ստիպում էին Հ–ի գավառակի մնացած բնակիչներին XIX դ. սկզբին գաղթել Սև ծովի առափնյա շրջանները: Նրանք բնակվեցին Ջանիկի և Սուրմենեի գյուղերում, իսկ մի մասը` Տրապիզոն քաղաքում, որտեղ համշենցիներ բնակվում էին վաղ ժամանակներից: XIX դ. վերջին Օրդուի և Խոփայի գավառակներից համշենցիները տեղափոխվեցին Նիկոմեդիայի (Իզմիտի) շրջան: 1877–78–ի ռուս–թուրքական պատերազմից հետո շատ համշենցիներ տեղափոխվեցին Ռուսաստան` Ղրիմ, Աբխազիա, Բաթում և այլ վայրեր (տես Համշենցիներ):
Գրկ. Ինճիճյան Ղ., Աշխարհագրությւն չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ. 1, Վնտ., 1806: Հայկունի Ս., Համշեն, (Արարատ», 1895, 8, Տաշյան Հ., Հայ բնակչությունը Սև ծովեն մինչև Կարին, Վնն., 1921: Նույնի, Տայք, դրացիք և Խոտորջուր, «ՀԱ», 1971, 7–12, 1972, 1–6: Խաչիկյան Լ. Ս., Էջեր համշենահայ պատմությունից, «ԲԵՀ», 1969, 2: Թոռլաքյան Բ., Էջեր համշենահայերի XVII–XVIII դդ. պատմությունից, «ՊԲՀ» 1972, 4: Пальгрейв В. Д., Хамшин, «Известия Кавказского отдела Русского географического общества», 1882, т. 7 Кос հ К., Reise i’m Pontishen gebirge und Turkich Armenien, Weimar, 1846. Ռ. Մաթևոսյան
