Jump to content

ՀՍՀ/ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ, համապատկեր, պանորամա (պան… և հուն.– տեսարան), տարածական արվեստների տարատեսակ: Գլանաձև ենթաշրջանակի ներսի մակերեսին ձգված ժապավենաձև նկարաշար, որը համադրվում է նրա առջևում շրջանաձև տեղադրված «առարկայական» պլանի հետ (շինծու ու ռեալ առարկաներ, շինություններ ևն: Հ–ի արհեստական լուսավորումը կարևոր նախապայման է: Հ. Սովորաբար տեղադրվում է հատուկ կառուցված շենքի շրջանաձև դահլիճում և դիտարկվում նրա կենտրոնում դրված հարթակից: Քանի որ Հ. դիտողին շրջապատող ռեալ տարածության պատրանք է ստեղծում, այդ իսկ պատճառով դրանք կիրառվում են մեծ տերիտորիայում բազմաթիվ մասնակիցներով նշանակալից իրադարձություններ պատկերելու համար: Առաջին Հ. ստեղծել է իռլանդացի գեղանկարիչ Ռ. Բարքերը, XVIII դ. վերջին, Էդինբուրգում: Հ. (առավելաբար ճակատամարտի տեսարանով) լայն տարածում է գտել XIX դ.: Ռուսաստանում հայտնի Հ–ներ ստեղծել է գեղանկարիչ Ֆ. Ա. Ռուբոն («Սևաստոպոլի պաշտպանությունը», 1902–04, Սևաստոպոլ): Հ–ների հեղինակներ են նաև սովետական գեղանկարիչներ Մ. Բ. Գրեկովը, Գ. Կ. Սավիցկին և ուրիշներ: