Jump to content

ՀՍՀ/ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՇՈՒԿԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՇՈՒԿԱ, կապիտալիստական երկրների միջազգային ապրանքա–դրամական, առևտրա–տնտեսական և ֆինանսա–վարկային հարաբերությունների պատմականորեն ձևավորված սիստեմ: Առաջացել է XVI դ.` կապիտալի նախասկզբնական կուտակման շրջանում, վերջնականապես ձևավորվել իմպերիալիզմի փուլում` ընդգրկելով աշխարհի գրեթե բոլոր երկրները: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կապիտալիզմի շղթայից Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրների անջատմամբ էապես կրճատվեցին Հ. կ. շ–ի սահմանները, ձևավորվեց համաշխարհային սոցիալիստական շուկան: Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի արդի փուլում Հ. կ. շ. բնորոշվում է իմպերիալիստական պետությունների և դրանց տնտ. ներփակ միավորումների («Ընդհանուր շուկա», Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիա ևն) միջև տնտ., քաղ. ազդեցության և կապիտալի ներդրման ոլորտների, վաճառահանման շուկաների ու հումքի աղբյուրների համար մղվող կատաղի պայքարով, տնտեսապես հետամնաց երկրների հետ խտրական հարաբերություններով, անարխիայի և տարերայնության ուժեղացմամբ: Հ. կ. շ. անընդհատ ցնցվում է ֆինանսա–վարկային ճգնաժամերից: 70–ական թթ. սկզբներից միջազգային կապիտալիստական առևտրում ցայտուն են դրսևորվում էներգետիկ, հումքային, պարենային ճգնաժամերի և ինֆլյացիոն պրոցեսների հետևանքները: