ՀՍՀ/ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՇՈՒԿԱ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՇՈՒԿԱ, սոցիալիստական երկրների պլանաչափ ապրանքա–դրամական հարաբերությունների համակարգ: Ձևավորվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, սոցիալիզմի համաշխարհային սիստեմի կազմավորման, սոցիալիստական երկրների միջև ապրանքաշրջանառության ընդլայնման, տնտ. և գիտատեխնիկական համագործակցության խորացման շնորհիվ: Հիմնական գծերն են` ապրանքաշրջանառության պլանային բնույթն ու անշեղ աճը, կառուցվածքի կատարելագործումը, շուկայի տարողունակության աճը, գների համեմատաբար կայուն բնույթը: Ապրանքաշրջանառությունը հիմնվում է աշխատանքի միջազգային սոցիալիստական բաժանման վրա: Հ. ս. շ–ի ձևավորմանը նպաստում է յուրաքանչյուր երկրի արտաքին առևտրի մենաշնորհը: Նրա զարգացումն արտացոլում է սոցիալիստական տնտ. ինտեգրացիայի խորացման օբյեկտիվ պրոցեսը: Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը պրոլետարական ինտերնացիոնալիզմի սկզբունքների վրա հիմնված միջազգային տնտ. (այդ թվում առևտրական) հարաբերությունների մեջ էին միայն ՍՍՀՄ և ՄԺՀ: Սոցիալիզմի համաշխարհային սիստեմի ձևավորումն ուղեկցվում էր սոցիալիստական երկրների միջև առևտրական, վարկային հարաբերությունների և տնտ. համագործակցության այլ ձևերի պլանաչափ ընդլայնմամբ: Ետպատերազմյան առաջին տարիներին Հ. ս. շ–ում առևտուրը կատարվում էր ապրանքների փոխադարձ մատակարարումների երկկողմ, որպես կարգ, մեկ տարի ժամկետով կնքված համաձայնագրերով: Հետագայում, երբ սոցիալիստական երկրներն անցան ժողտնտեսության զարգացման հեռանկարային պլանավորման, կնքվում էին միջկառավարական առևտրական երկարաժամկետ համաձայնագրեր: Դրանց դերը հատկապես մեծացավ Տնտեսական փոխօգնության խորհրդի (ՏՓԽ) ստեղծմամբ (1949), որի անդամ–երկրների ընդհանուր ապրանքաշրջանառությունը 1978–ին կազմեց 173,7 մլրդ ռ., իսկ արտաքին առևտրի շրջանառության 63,1–ը բաժին էր ընկնում փոխադարձ աոևտրին: Ամրապնդվում են սոցիալիստական համագործակցության երկրների առևտրական կապերը նաև ԼԺԴՀ–ի, ԿԺԴՀի, ՀՍՖՀ–ի հետ:
| Երկրներ | 1950 | 1960 | 1970 | 1977 |
|---|---|---|---|---|
| Բուլղարիա | 0,2 | 1,1 | 3,5 | 9,2 |
| ԳԴՀ | 0,8 | 4,0 | 8,5 | 19,6 |
| Լեհաստան | 1,2 | 2,5 | 6,4 | 20,1 |
| Կուբա | 1,1 | 1,1 | 2,1 | 5,6 |
| Հարավսլավիա | 0,5 | 1,2 | 4,1 | 11,0 |
| Հունգարիա | 0,6 | 1,6 | 4,3 | 14,3 |
| Մոնղոլիա | 0,1 | 0,1 | 0,2 | 0,4 |
| Չեխոսլովակիա | 1,3 | 3,4 | 6,7 | 15,1 |
| Ռումինիա | 0,4 | 1,2 | 3,4 | 10,5 |
| ՍՍՀՄ | 3,0 | 10,0 | 22,1 | 63,3 |
Սոցիալիստական երկրների տնտ. և գիտատեխնիկական համագործակցության ընդլայնումը, արտադրության մասնագիտացման և կոոպերացման զարգացումը նպաստում են Հ. ս. շ–ում փոխադարձ ապրանքաշրջանառության անընդհատ աճին: Էական տեղաշարժեր են կատարվում նրա ապրանքային կառուցվածքում, որոնք պայմանավորված են գիտատեխնիկական հեղափոխության, սոցիալիստական տնտ. ինտեգրացիայի զարզացմամբ, համագործակցության խորացմամբ և կատարելազործմամբ: Արտահանման և ներմուծման մեջ աճում է արդ., մասնավորապես` պատրաստի արտադրանքի, կրճատվում` հումքի, նյութերի, վառելանյութի ու պարենային ապրանքների բաժինը: Կատարելագործվում են սոցիալիստական երկրների փոխադարձ հաշվարկները, մինչև 1964–ը ՏՓԽ–ի անդամ–երկրների միջև դրանք կատարվում էին երկկողմ քլիրինգային (տես Քլիրինգ), ապա` բազմակողմ հաշվարկների (փոխադրելի ռուբլով) համակարգով: Այդ գործառնություններն իրականացնում է Տնտեսական համագործակցության միջազգային բանկը: Հ. ս. շ–ում գների հիմքը կապիտալիստական շուկայի կոնյունկտուրային տատանումների ազդեցությունից մաքրված համաշխարհային գներն են: Ապրանքափոխանակությունը կատարվում է միջազգային արժեքի վրա հիմնված գներով: Ամրապնդվում են սոցիալիստական պետությունների առևտրական կապերը զարգացող երկրների հետ. 1977–ին Բուլղարիան տնտ. կապերի մեջ էր մոտ 80, Հունգարիան` 86, Ռումինիան` 90, Հարավսլավիան` 60 երկրի հետ: 1970–ից էապես ընդլայնվել է առևտուրը սոցիալիստական և զարգացած կապիտալիստական երկրների միջև: Առևտրական ու արտաքին տնտ. կապերի մյուս ձևերը կառուցվում են փոխշահավետության հիմքի վրա: Դրանց զարգացումը նպաստում է խաղաղ գոյակցության ամրապնդմանը:
