Jump to content

ՀՍՀ/ՀԱՄԱՔՂԵՑԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՄԱՔՂԵՑԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, հիմնադրվել է 1933–ին, Դետրոյտում` միավորելով XIX դ. վերջից ԱՄՆ–ում ու Կանադայում գործող Արևմտյան Հայաստանի Քղի (Գեղի) գյուղաքաղաքի և համանուն գավառի գյուղերի անուններով կոչվող ավելի քան 20 հայրենակցական միություններ ու խմբեր: Միության ստեղծման գործում կարևոր դեր է խաղացել Չանախչիի գյուղական կրթասիրաց միությունը, որը դեռևս 1925–ին 12 h զ. դոլլար էր փոխանցել Երևան, Գյուղբանկի հաշվին: Չանախչիի կրթասիրացին հետևել էր Քղիի կրթասիրացը: 1934–35–ին միության գործադիր մարմինը ԱՄՆ–ի, Կանադայի, Ֆրանսիայի շուրջ 20 քաղաքներում հիմնել է իր մասնաճյուղերը: ՀՍՍՀ Գերագույն սովետի հրամանագրով Աշտարակի շրջանի Բազմավանը վերանվանվել է Նոր Գեղի (այժմ` Նաիրիի շրջանում): Հ. մ. դրամական միջոցներ է նվիրել «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան, կարմիր բանակի օգնության, ներգաղթի կազմակերպման ֆոնդերին, ինչպես նաև այլ օգտակար ձեռնարկների: Հ. մ–յան հետ գործակցում է Քղիի հայրենակցական միությունը, որը 10 մասնաճյուղեր ունի ԱՄՆ–ում, Կանաղայում, Ֆրանսիայում, Հունաստանում:

Պ. Մարտիրոսյան