ՀՍՀ/ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՍԱՐԳԻՍ
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Սարգիս (Սաքո) Իսահակի (1870, Շուշի–1944, Մոսկվա), պրոֆեսիոնալ հեղափոխական, կուսակցական և պետական գործիչ: Կոմունիստական կուսակցության անդամ 1903–ից: Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1909): Մոսկվայում մասնակցել է սոցիալ–դեմոկրատական կազմակերպության աշխատանքներին, երկու անգամ ձերբակալվել է (1902– 1903) և, ի վերջո, արտաքսվել Բաքու: 1904–ին ընտրվել է Բաքվի կոմիտեի անդամ: 1905–ին նորից մեկնել է Մոսկվա, մասնակցել Դեկտեմբերյան զինված ապստամբությանը: 1910–17–ին Շուշիում զբաղվել է բժշկությամբ: Փետրվարյան հեղափոխությունից հետո Հ. կուսակցական–քաղաքական լայն գործունեություն է ծավալել քաղաքի կայազորում և բնակչության շրջանում: 1918–ին, Շուշին թուրքերի կողմից գրավվելուց հետո, բանտարկվել է: Ադրբեջանում սովետական կարգեր հաստատվելուց հետո Հ. կուսակցական և պետական աշխատանք է տարել Ղարաբաղում: 1921–ին նշանակվել է ՀՍՍՀ առողջապահության ժողկոմ: 1922–ին ընտրվել է ՀՍՍՀ Կենտգործկոմի նախագահ: 1925–1929–ին ՀՍՍՀ ժողկոմխորհի նախագահն էր: 1929–44–ին աշխատել է Մոսկվայում: Եղել է ՀԿԿ ԿԿ–ի բյուրոյի և Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի անդամ:
Հ. Օհանյան
