ՀՍՀ/ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, հոգեբանության բնագավառ, որն ուսումնասիրում է կենդանիների և մարդու հոգեկանի առաջացման և զարգացման ընդհանրությունն ու տարբերությունը: Հ. հ. ընդգրկում է հետազոտությունները կենդանիների հոգեբանության և բարձրագույն նյարդային գործունեության, մարդու ծագման, էկոլոգիայի, էտոլոգիայի, հոգեբանական գենետիկայի և վարքի գենետիկայի բնագավառում: Օնտոգենեզում և ֆիլոգենեզում մարդու և կենդանիների վարքը ունեն ընդհանուր գծեր, որոնք ցույց են տալիս նրանց հոգեկանի էվոլյուցիոն ընդհանուր արմատները, իսկ որակական տարբերությունների գոյությունը վկայում է մարդու հոգեկանի և գիտակցության զարգացման գործում սոցիալ–պատմական գործոնների, հատկապես աշխատանքային գործունեության նշանակությունը: Հ. հ. առաջացել է Ժ. Լամարկի և հատկապես Չ. Դարվինի հետազոտությունների հիման վրա: Ռուսաստանում Հ. հ–յան հիմնադիրն էր Վ. Վագները, որի կարծիքով այդ գիտությունը պետք է միավորի կենդանիների և մարդու հոգեբանությունը: Հ. հ–յան զարգացմանը նպաստել են Ի. Պավլովի գիտափորձերը և հատկապես մարդանման կապիկների ուսումնասիրությունը Վ. Քյոլերի կողմից: Հ. հ–յան բնագավառում նշանակալի դեր ունի էտոլոգիական դպրոցը (Տորպե, Լորենց, Տինբերգեն և ուրիշներ), որն ուսումնասիրում է վարքի ժառանգական բաղադրիչները: Սովետական գիտնականները զարգացնելով Հ. հ.` պայքար են ծավալել իդեալիստական (պսիխոֆիզիկական զուգահեռականություն), վուլգար մատերիալիստական (մեխանիցիզմ, տափակ էվոլյուցիոնիզմ) տեսակետների դեմ, որոնք մարդու վարքը կենսաբանացնում են կամ կենդանիներին մարդակերպացնում (անտրոպոմորֆիզացիա) են: Հ. հ–յան տվյալները կարևոր նշանակություն ունեն հոգեբանության, փիլիսոփայության, մանկավարժության, բժշկ. և այլ գիտությունների խնդիրները լուծելիս:
Գրկ. Дарвин Ч,, Происхождение человека и половой отбор. Выражение эмоций у человека и животных, Соч., т. 5, М,–Л., 1953 Вагнер В. А., Биологические основания сравнительной психологии, т. 1–2, СПБ–М., 1910–13 Войтонис Н. Ю., Предыстория интеллекта, М.–Л., 1949. Ն. Նալչաջյան
