Jump to content

ՀՍՀ/ՀԱՄԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՄԿԱԼՈՒԹՅՈՒՆ, հարակաշություն, կիսրարություն, բաժնեկցություն, փոխնակություն, աղսընկերություն, աշխատավոր ձեռքերի, քաշող ուժերի և արտադրամիջոցների միավորմամբ երկրագործական և հովվական աշխատանքներն ու պարտականություններն իրականացնող ընկերություն: Կազմակերպվում էր գյուղերում, հիմնականում` հավասար ունեցվածքի տեր ազգակիցներից, նույնպիսի հարևաններից և տարբեր ունեցվածքի տեր ազգակիցներից ու հարևաններից: Հ. կազմակերպվում էր համատեղ կարգով վարող և հարթեցնող տեղական գործիքներ ու սայլեր, ինչպես նաև գործարանային տեխնիկա ձեռք բերելու, գյուղատնտեսական և անասնապահական հիմնական աշխատանքները համատեղ միջոցներով ու ջանքերով կատարելու նպատակով: Բաժնեկիցների իրավունքները, որոնց համար կարևոր նշանակություն ունեին ներդրված աշխատող ձեռքերը, միջոցները, հողի և անասունների չափն ու քանակը, սահմանվում էին վաղօրոք` բանավոր պայմանավորվածությամբ: Հայաստանի գրեթե բոլոր ազգագրական շրջաններում Հ. գոյություն ուներ մինչև XIX դ. վերջը, XX դ. սկիզբր: Կոլեկտիվացման հետևանքով Հ. վերջնականապես կորցրեց անհրաժեշտությունը և վերացավ:

Գրկ. Բդոյան Վ. Հ., Երկրագործական մշակույթը Հայաստանում, Ե., 1972: Мкртумян Ю., Формы скотоподства в Восточной Армении, «Հայ ազգագրություն և բանահյուսություն», 1974, 6. Վ. Բդոյան