Jump to content

ՀՍՀ/ՀԱՄԿ(Բ)Կ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՄԿ(բ)Կ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, կայացել է 1927–ի դեկտեմբերի 2–19–ը, Մոսկվայում: Մասնակցել է 898 պատգամավոր վճռական և 771–ը` խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացնում էին 887233 կուսակցության անդամի և 348957 թեկնածուի: Օրակարգ. ԿԿ–ի քաղ. հաշվետվությունը (զեկուցող` Ի. Վ. Ստալին). ԿԿ–ի կազմակերպչական հաշվետվությունը (Ս. Վ. Կոսիոր). Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը (Դ. Ի. Կուրսկի). ԿՎՀ–ԲԳՏ հաշվետվությունը (Գ. Կ. Օրշոնիկիձե). Կոմինտերնում ՀամԿ(բ)Կ պատվիրակության հաշվետվությունը (Ն. Ի. Բուխարին), ժոդովրդական տնտեսության զարգացման հնգամյա պլանի դիրեկտիվները (Ա. Ի. Ռիկով). Գյուղում տարվող աշխատանքի մասին (Վ. Մ. Մոլոտով). Ընտրություններ: Համագումարը հավանություն տվեց Կենտկոմի քաղ. և կազմակերպչական գործունեությանը և հանձնարարեց ԿԿ–ին անշեղորեն կիրառել խաղաղության համար պայքարի լենինյան գիծը, ամրապնդել ինտերնացիոնալ կապերը բոլոր երկրների աշխատավորների հետ, բարձրացնել ՍՍՀՄ պաշտպանունակությունը: Ներքին քաղաքականության բնագավառում համագումարը դիրեկտիվ տվեց` շարունակել երկրի ինդուստրացումը, հատուկ ուշադրություն դարձնել գյուղատնտնսության վերելքին` նրա սոցիալիստական վերափոխմանը, ավելի վճռականորեն հարձակվել կապիտալիստական տարրերի դեմ` վարելով նրանց վերացման կուրս: Համագումարը բացահայտեց գյուղատնտեսության դանդաղ զարգացման պատճառները: Արդյունաբերությունը խոշոր էր և կենտրոնացված, իսկ գյուղատնտեսությունը մնում էր մանր և մասնատված: Խոշոր արդյունաբերությունը հիմնվում էր արտադրության հանրային սեփականության վրա, մանր գյուղացիական տնտեսությունը` արտադրության միջոցների մասնավոր սեփականության վրա (բացի հողից): Արդյունաբերությունն անընդհատ հագեցվում էր նոր տեխնիկայով, իսկ գյուղացիական տնտեսությունը հիմնվում էր պրիմիտիվ տեխնիկայի ու ձեռքի աշխատանքի վրա: Կուսակցության XV համագումարը, բազմակողմանիորեն քննարկելով այդ հարցը, որոշեց ծավալել գյուղատնտեսության կոլեկտիվացումը, ամբողջ ճակատով սոցիալիզմի հարձակման նախապատրաստումը: Համագումարը պարտավորեցրեց կուսակցական կազմակերպություններին և սովետական ու կոոպերատիվ մարմինների կոմունիստ աշխատողներին` ուժեղացնել օժանդակությունը կոլտնտեսային շինարարության գործերին, չքավորական կոմիտեներին և ամրացնել սովետական տնտեսությունները: Համագումարը եկավ այն եզրակացության, որ եկել է ժամանակը ավելի սիստեմատիկ ու հեղափոխականորեն սահմանափակելու և դուրս մղելու կուլակին (տես Կուլակություն): Համագումարը դիրեկտիվներ ընդունեց ժողովրդական տնտեսության զարգացման առաջին հնգամյա պլանը կազմելու մասին (տես Հնգամյա պլաններ ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության զարգացման): Քննարկելով Կոմինտերնի Գործադիր կոմիտեում ՀամԿ(բ)Կ պատգամավորության գործունեությունը` համագումարը նշեց, որ մյուս կոմկուսակցությունների հետ ՀամԿ(բ)Կ ապահովել է կոմինտերնի դերի հետագա բարձրացումը, նրա բաժանմունքների գաղափարական կազմակերպչական ամրապնդումը: Համագումարը քննարկեց տրոցկիստական–զինովևական հակակուսակցական բլոկի հարցը, ընդունեց «Օպոզիցիայի մասին» բանաձևը: Ելնելով այն բանից, որ օպոզիցիայի տարաձայնությունները կուսակցության հետ տակտիկականից վերաճել են ծրագրայինի, համագումարը տրոցկիստական օպոզիցիային պատկանելը և նրա հայացքների պրոպագանդումը համարեց անհամատեղելի կուսակցության անդամության հետ: Համագումարը ՀամԿ(բ)Կ շարքերից վտարեց 77 ակտիվ անդամների հակակուսակցական բլոկից և ֆրակցիոն պայքարի համար` Տ. Վ. Սապրոնովի խումբը` 23 հոգի (տես Դեմոկրատական ցենտրալիզմի խումբ): ՀամԿ(բ)Կ XV համագումարը գյուղատնտեսության կոլեկտիվացման և ամբողջ ճակատով սոցիալիզմի հարձակման նախապատրաստման համագումար էր:

Գրկ. ՍՄԿԿ–ն համագումարների, կոնֆերենցիաների և Կենտկոմի պլենումների բանաձևերում ու որոշումներում, մաս 2, Ե., 1955: Пятнадцатый съезд ВКП(б). Стенографический отчет, ч. 1–2, М., 1961–62 История КПСС, т. 4, кн. 1, М., 1970.