Jump to content

ՀՍՀ/ՀԱՄԿ(Բ)Կ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՄԿ(բ)Կ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, կայացել է Մոսկվայում, 1939–ի մարտի 10–21–ը: 1569 վճռական և 466 խորհրդակցական ձայնով պատգամավորները ներկայացնում էին կուսակցության 1588852 անդամի և 888814 անդամության թեկնածուի: Օրակարգ. ՀամԿ(բ)Կ ԿԿ (Ի. Վ. Ստալին), Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի (Մ. Ֆ. Վլադիմիրսկի) և ԿԻԳԿ–ում ՀամԿ(բ)Կ պատվիրակության (Դ. Զ. Մանուիլսկի) հաշվետու զեկուցումները. ՍՍՀՍ՛ ժողտնտեսության զարգացման երրորդ հնգամյա պլանը (Վ. Մ. Մոլոտով). Փոփոխություններ ՀամԿ(բ)Կ կանոնադրության մեջ (Ա. Ա. ժդանով) զեկուցումները, ՀամԿ(բ)Կ ծրագրի փոփոխման հանձնաժողովի և կուսակցության կենտրոնական մարմինների ընտրություններ: ՀամԿ(բ)Կ ԿԿ զեկուցման մեջ տրված էր երկրի արտաքին և ներքին դրության վերլուծությունը, նրա զարգացման հեռանկարը: Համագումարը նշեց, որ ՍՍՀՄ–ում սոցիալիզմը հիմնականում կառուցվել է, և երկիրը մտել է սոցիալիստական հասարակարգի կառուցման եզրափակիչ փուլը: Խնդիր դրվեց տնտ. տեսակետից հասնել և անցնել առավել զարգացած կապիտալիստական երկրներից: Քննարկվեցին սոցիալիստական պետության զարգացման փուլերի և ֆունկցիաների մասին տեսական հարցեր, դատապարտվեցին պետության անէացման վերաբերյալ սխալ հայացքները: Սոցիալիստական պետությունն անցել էր իր զարգացման առաջին փուլը` սոցիալիստական հեղափոխության հաղթանակից մինչև շահագործող դասակարգի վերացումը, և մտել էր երկրորդ` միասեռ սոցիալ տնտեսական ֆորմացիայի գոյության փուլը: Արտաքին հարաբերությունների բնագավառում խնդիր դրվեց ուժեղացնել պատերազմը կանխելու ուղղությամբ պայքարը, ամրապնդել ֆաշիստական ագրեսիայի դեմ հանդես եկող երկրների հետ գործարար հարաբերությունները, միաժամանակ ամեն կերպ բարձրացնել երկրի պաշտպանունակությունը: Համագումարն ընդունեց կուսակցության նոր կանոնադրություն, որն արտահայտում էր սովետական հասարակության դասակարգային կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունները: ՀամԿ(բ)Կ–ի մեջ բոլոր ընդունվողների համար սահմանվեցին ընդունելության միասնական պայմաններ և միատեսակ թեկնածուական ստաժ, բացառությամբ ուրիշ կուսակցություններից եկողների: Կուսակցական մարմինների ընտրությունների ժամանակ սահմանվեց փակ (գաղտնի) քվեարկության կարգ: Կանոնադրությունը վերացրեց մասսայական զտումը: Կուսակցական որոշ կազմակերպությունների իրավունք վերապահվեց հսկելու ադմինիստրացիայի գործունեությունը: Տնտեսության մեջ կուսակցության ղեկավարությունն ուժեղացնելու նպատակով կուսակցության ԿԿ կարող էր ստեղծել քաղ. բաժիններ և առանձնացնել կուսակցական կազմակերպիչներ սոցիալիստական շինարարության վճռական հատվածներում: Կանոնադրությունը նշում էր, որ կոմերիտմիությունը կուսակցության ակտիվ օգնականն է: Համագումարը հաստատեց ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության զարգացման երրորդ հնգամյա պլանը (տես Հնգամյա պլաններ ՍՍՀՄ ժողովըդական տնտեսության զարգացման): Համագումարն ընտրեց կուսակցության ԿԿ (71 անդամ և 68 անդամության թեկնածու) և Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողով (50 անդամ): Տասնութերորդ համագումարը ամփոփեց կապիտալիզմից սոցիալիզմին անցման շրջանի արդյունքները և նախանշեց կոմունիստական շինարարության անցնելու պայմաններ ստեղծելու կուրսը:

Գրկ. ՍՄԿԿ–ն համագումարների, կոնֆերենցիանեոի և Կենտկոմի պլենումների բանաձևերում ու որոշումներում, մաս 3, Ե,, 1955: XVIII съезд Всесоюзной Коммунистической партии (большевиков) 10–21 марта 1939 г., Стенографический отчет, М., 1939.